«Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին» կոնվենցիան (այսուհետ՝ Կոնվենցիա) ստորագրած պետությունները հաստատում են, որ ցեղասպանությունը, անկախ նրանից՝ կատարվում է խաղաղ, թե պատերազմական պայմաններում, ըստ միջազգային իրավունքի հանցագործություն է, որը նրանք պարտավորվում են կանխարգելել և պատժել այն կատարելու համար։
Կոնվենցիայում ցեղասպանություն նշանակում է հետևյալ գործողություններից ցանկացածը՝ կատարված ազգային, էթնիկական, ցեղական կամ կրոնական որևէ խմբի, որպես այդպիսին, լրիվ կամ մասնակի ոչնչացման մտադրությամբ.
ա) այդ խմբի անդամների սպանությունը,
բ) այդ խմբի անդամներին մարմնական լուրջ վնասվածքներ կամ մտավոր վնաս պատճառելը,
գ) որևէ խմբի համար կյանքի այնպիսի պայմանների միտումնավոր ստեղծումը, որոնք ուղղված են նրա լրիվ կամ մասնակի ֆիզիկական ոչնչացմանը,
դ) այդ խմբի միջավայրում մանկածնությունը կանխելուն միտված միջոցների իրականացումը,
ե) երեխաների բռնի փոխանցումը մարդկային մի խմբից մյուսին։
Վերը թվարկված որևէ արարք կատարած անձինք ենթակա են պատժի՝ անկախ այն բանից, նրանք սահմանադրությամբ պատասխանատու ղեկավարներ են, թե պաշտոնատար կամ մասնավոր անձինք։
Ի կատարումն այս նորմի՝ Կոնվենցիան ստորագրած բոլոր պետությունները իրենց օրենսդրությամբ քրեականացրել են ցեղասպանությունը: