Ե՞րբ կարող է ապրանքային նշանի գրանցումը չեղյալ համարվել

Ապրանքային նշանի գրանցումը կարող է չեղյալ հայտարարվել դատարան ներկայացված համապատասխան հայցի կամ իրավունքների պաշտպանության գործով հակընդդեմ հայցի քննարկման արդյունքում կայացված դատարանի վճռի հիման վրա, եթե՝

1) ապրանքային նշանի գրանցման թվականից հաշված հինգ տարի անընդմեջ կամ հայցը (հակընդդեմ հայցը) ավելի ուշ ներկայացնելու դեպքում դրան անմիջականորեն նախորդող հինգ տարի անընդմեջ ժամանակահատվածում ապրանքային նշանը Հայաստանի Հանրապետությունում ընդհանրապես չի օգտագործվել կամ իրական օգտագործման մեջ չի դրվել ապրանքային նշանի իրավատիրոջ կամ օրենքի համաձայն` տվյալ ապրանքային նշանի օգտագործման իրավունք ունեցող անձի կողմից այն ապրանքների և (կամ) ծառայությունների նկատմամբ, որոնց համար գրանցված է ապրանքային նշանը` հաշվի առնելով օրենքի համապատասխան դրույթները.
2) ապրանքային նշանի իրավատիրոջ գործունեության կամ անգործության հետևանքով ապրանքային նշանը դարձել է համընդհանուր օգտագործման անվանում այն ապրանքի կամ ծառայության համար, որի համար այն գրանցված է.
3) ապրանքային նշանի իրավատիրոջ կողմից անմիջականորեն կամ նրա համաձայնությամբ ապրանքների կամ ծառայությունների նկատմամբ ապրանքային նշանի օգտագործումը կարող է հանրությանը մոլորության մեջ գցել, մասնավորապես այն ապրանքների և (կամ) ծառայությունների բնույթի, որակի կամ աշխարհագրական ծագման հարցում, որոնց համար այն գրանցված է։

Եթե ապրանքային նշանի գրանցումը չեղյալ հայտարարելու հիմքը առկա է միայն ապրանքների և (կամ) ծառայությունների մի մասի նկատմամբ, որոնց համար գրանցված է ապրանքային նշանը, ապա ապրանքային նշանի գրանցումը չեղյալ է հայտարարվում մասնակիորեն՝ միայն համապատասխան ապրանքների և (կամ) ծառայությունների նկատմամբ։

Վերը սահմանված դրույթները կիրառվում են միջազգային գրանցման ուժով Հայաստանի Հանրապետությունում պահպանվող ապրանքային նշանների նկատմամբ մութաթիս մութանդիս (mսtatis mսtandis՝ այնքանով, որքանով):

Վերոնշյալ դրույթերին համապատասխան` դատարանի վճռի հիման վրա ապրանքային նշանի գրանցումը չեղյալ հայտարարելու դեպքում դրա իրավատերը զրկվում է ապրանքային նշանի նկատմամբ իրավունքներից ամբողջովին կամ մասնակիորեն՝ դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելու օրվանից։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել