Ինչպե՞ս պետք է կատարվի ռազմագերու հարցաքննությունը

Միջազգային իրավունքի նորմերի համաձայն՝ յուրաքանչյուր ռազմագերի հարցաքննության ժամանակ պարտավոր է հայտնել միայն իր ազգանունը, անունը և կոչումը, ծննդյան տարեթիվը և անձնական համարը, կամ եթե այդպիսին չկա, այլ հավասարազոր տեղեկություն:

Այն դեպքում, եթե ռազմագերին միտումնավոր խախտի այդ կանոնը, նրան կարող է սպառնալ նրա կոչման և դրության ռազմագերիներին տրամադրվող առավելությունների սահմանափակում:

Կոնֆլիկտի մեջ գտնվող յուրաքանչյուր կողմ պարտավոր է ամեն մի անձի, որի վրա տարածվում է իր ենթադատությունը և որը կարող է դառնալ ռազմագերի, ապահովել անձը հաստատող փաստաթղթով, նշելով ազգանունը, անունը, կոչումը, անձնական համարը կամ համազոր տեղեկություններ և ծննդյան տարեթիվը: Դրանից բացի, անձը հաստատող այդ փաստաթուղթը կարող է ունենալ ստորագրություն կամ դրա տիրոջ մատնահետքերը կամ թե մեկը և թե մյուսը, ինչպես նաև բովանդակել ցանկացած այլ տեղեկություններ, որոնք կոնֆլիկտի մեջ գտնվող կողմը կցանկանա ավելացնել այն անձի վերաբերմամբ, որը պատկանում է իր սեփական զինված ուժերի կազմին: Անձը հաստատող վկայականը, հնարավորության սահմաններում պետք է լինի 6,5 x 10 սմ չափի և պետք է ունենա կրկնօրինակ: Ռազմագերին պարտավոր է անձը հաստատող վկայականը ներկայացնել ցանկացած պահանջի դեպքում, բայց այն ոչ մի դեպքում չի կարող նրանից վերցվել:

Ռազմագերիների նկատմամբ ոչ մի ֆիզիկական կամ բարոյական տանջանք կամ հարկադրման այլ միջոցներ չեն կարող կիրառվել նրանցից որևէ տեղեկություն ստանալու համար: Այն ռազմագերիներին, որոնք կհրաժարվեն պատասխանել, չի կարելի սպառնալ, նրանց վիրավորանքի կամ որևէ հետապնդման կամ սահմանափակման ենթարկել:

Ռազմագերիները, որոնք իրենց ֆիզիկական և բարոյական վիճակի պատճառով չեն կարող տեղեկություններ տալ իրենց անձի մասին, կհանձնվեն բժշկական ծառայության խնամքին: Այդ ռազմագերիների ինքնությունը կհաստատվի բոլոր հնարավոր միջոցներով` նախորդ պարբերության դրույթների հաշվառումով:
Ռազմագերիների հարցաքննությունը պետք է տարվի նրանց համար հասկանալի լեզվով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել