Յուրաքանչյուր անձի մուտքը քրեակատարողական հիմնարկ նախապես համաձայնեցվում է տվյալ քրեակատարողական հիմնարկի իրավասու պաշտոնատար անձի հետ՝ քրեակատարողական հիմնարկի վարչական տարածքի մուտքում կամ վարչական մասնաշենքում տեղակայված հսկիչ անցագրային կետում ծառայող քրեակատարողական ծառայողի կողմից, բացառությամբ օրենքով նախատեսված առանց հատուկ թույլտվության անարգել մուտքի և ելքի իրավունք ունեցող անձանց և տվյալ քրեակատարողական հիմնարկի քրեակատարողական ծառայողների ու վարձու աշխատողների: Յուրաքանչյուր այցելու քրեակատարողական հիմնարկի վարչական մասնաշենք մուտք գործելու նպատակով վարչական տարածքի մուտքում կամ վարչական մասնաշենքում տեղակայված հսկիչ անցագրային կետի քրեակատարողական ծառայողին է ներկայացնում իր վկայականը կամ անձը հաստատող այլ փաստաթուղթ
Ինչպես նաև հսկիչ անցագրային կետի քրեակատարողական ծառայողը, համապատասխան համաձայնությունն ստանալուց հետո, այցելուների գրանցման մատյանում (Ձև 1) գրանցում է այցելուի անունը և ազգանունը, պաշտոնը, վկայականի կամ անձը հաստատող այլ փաստաթղթի տվյալները՝ նշելով քրեակատարողական հիմնարկի վարչական մասնաշենք մուտք գործելու ժամը և րոպեն, բացառությամբ տվյալ քրեակատարողական հիմնարկի քրեակատարողական ծառայողների և վարձու աշխատողների: Այցելուին՝ քրեակատարողական հիմնարկում գտնվելու ողջ ժամանակահատվածի ընթացքում կրելու նպատակով հանձնվում է անցաթուղթ, որի վրա գրված է «ԱՅՑԵԼՈՒ» բառը: