Հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով պարզվել է, որ Աշտարակ քաղաքի բնակիչ Բաբկեն Գալստյանը 2013թ. հունիսի 1-ին ապօրինի ձեռք է բերել մարտական ակոսափող հրազեն հանդիսացող «Մակարով» տեսակի ատրճանակը` լիցքավորված ռազմամթերք հանդիսացող մարտական 8 փամփուշտով ու պահել իր մոտ:
Այնուհետև Բաբկեն Գալստյանը 2013թ. հունիսի 2-ին` ժամը 14-ի սահմաններում, Աշտարակ քաղաքի տարածքում գտնվող` Քասախ գետի ափամերձ գոտում կենցաղային հարցերի շուրջ վիճաբանել է հիշյալ վայրում գտնվող Վ. Ա.-ի հետ: Նույն պահին նրանց է մոտեցել ՀՀ ԿԱ ԱԱԾ աշխատակից Հ.Ս.-ն, ով Բաբկեն Գալստյանի գոտկատեղին նկատել է նրա կրած ատրճանակը: Վերջինիս կողմից քրեական օրենսգրքով չթույլատրված արարք կատարելու հանգամանքը պարզելով` Հ.Ս.-ն, օրենքով իր վրա դրված պարտականությունները կատարելու նպատակով, ձեռնամարտի հնարք կիրառելով, Բաբկեն Գալստյանին գցել է գետնին ու գոտկատեղից վերցրել ատրճանակն ու պարզաբանել այն իրավապահ մարմիններին հանձնելու իր պարտականության մասին:
Բաբկեն Գալստյանը նրանից հետ է պահանջել ատրճանակը և մերժում ստանալով` կյանքի ու առողջության համար ոչ վտանգավոր բռնություն է կիրառել իր ծառայողական պարտականությունները կատարող Հ.Ս.-ի նկատմամբ: Բաբկեն Գալստյանին օգնելու նպատակով դեպքին միջամտել են նրա ազգական Ռուսլան Թադևոսյանն ու ընկեր Արման Մուրադյանը:
Ատրճանակը ոստիկանությանը հանձնելը խափանելու և այն խլելու նպատակով Ռ. Թադևոսյանը նույնպես բռնություն է կիրառել ԱԱԾ աշխատակցի և դեպքին միջամտած վերջինիս հոր` 76-ամյա Գ.Ս.-ի նկատմամբ, սակայն ատրճանակը խլել Հ.Ս.-ից չի հաջողվել:
Նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների հիման վրա Բաբկեն Գալստյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 235-րդ հոդվածի 1-ին և 316-րդ հոդվածի 1-ին մասերով, Արման Մուրադյանին և Ռուսլան Թադևոսյանին` ՀՀ ՔՕ 316-րդ հոդվածի 1-ին մասով:
Վերջիններիս նկատմամբ խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:
Քրեական գործի նախաքննությունն ավարտած քննիչը քրեական գործը մեղադրական եզրակացությամբ հանձնել է դատավարական ղեկավարում իրականացնող դատախազին` այն հաստատելու և դատարան ուղարկելու համար:
Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Իրավաբան.net