Կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթը (այսուհետ` փաստաթուղթ) փախստականին տրվում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության մարմինների կողմից` Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության միգրացիոն պետական ծառայության (այսուհետ` ծառայություն) պետի` փախստական ճանաչելու և ապաստան տրամադրելու վերաբերյալ որոշման հիման վրա:
Փաստաթուղթը քաղաքական ապաստանի իրավունք ստացած անձին տրվում է ոստիկանության կողմից` անձին Հայաստանի Հանրապետությունում քաղաքական ապաստանի իրավունք տալու մասին Հայաստանի Հանրապետության Նախագահի որոշման հիման վրա:
Հայաստանի Հանրապետությունում ապաստանի տրամադրման և փախստական ճանաչելու վերաբերյալ որոշումը ծառայության պետն ընդունում է` հիմք ընդունելով ծառայության կողմից ապաստան հայցողի վերաբերյալ նախապատրաստված փաստաթղթերը:
Փաստաթուղթը տրվում է Հայաստանի Հանրապետությունում ապաստան ստացած փախստականներին, ինչպես նաև քաղաքական ապաստանի իրավունք ստացած անձանց:
Մինչև 16 տարեկան փախստականի տվյալներն ընդգրկվում են իր ծնողների փաստաթղթերում:
Մինչև 16 տարեկան` առանց ուղեկցողի կամ ընտանիքից անջատված փախստականներին տրամադրվում է փաստաթուղթ, որը չի կարող օգտագործվել առանց խնամակալի կամ հոգաբարձուի համաձայնության: Քաղաքական ապաստանի իրավունք ստացած անձի` մինչև 16 տարեկան երեխաներին տրամադրվում է փաստաթուղթ, որը չի կարող օգտագործվել առանց ծնողների համաձայնության:
Փաստաթուղթը վավերական է երկու տարի, որից հետո ոստիկանությունը փախստականի դիմումի հիման վրա յուրաքանչյուր անգամ փաստաթղթի վավերականության ժամկետը երկարաձգում է ևս երկու տարով: Քաղաքական ապաստան ստացած անձին տրվող փաստաթուղթը վավերական է մեկ տարի, որը չի կարող գերազանցել քաղաքական ապաստանի իրավունքի վավերականության ժամկետը: Անձին տրված քաղաքական ապաստանի իրավունքը «Քաղաքական ապաստանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով յուրաքանչյուր անգամ մեկ տարի ժամկետով երկարաձգվելու դեպքում ոստիկանությունը, քաղաքական ապաստան ստացած անձի դիմումի հիման վրա, յուրաքանչյուր անգամ փաստաթղթի վավերականության ժամկետը երկարաձգում է ևս մեկ տարով:
Փաստաթղթի վավերականության ժամկետն օտարերկրյա պետություններում երկարաձգվում է Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչությունների կամ հյուպատոսական հիմնարկների կողմից: Փաստաթղթի վավերականության ժամկետը կարող է երկարաձգվել նաև, եթե դրա վավերականության ժամկետը լրանալուն մնացել է ոչ ավելի, քան 7 ամիս, իսկ քաղաքական ապաստանի իրավունք ստացած անձի փաստաթղթինը` 3 ամիս:
Փախստականի ճանաչումը և ապաստանի տրամադրումը, ինչպես նաև քաղաքական ապաստանի իրավունքի տրամադրումը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով վերջնական չեղյալ հայտարարվելու կամ դադարեցվելու դեպքում դրա մասին տեղեկացվում է ոստիկանությանը` փաստաթուղթն անվավեր ճանաչելու համար: