Ովքե՞ր կարող են լինել հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամ

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը կազմված է հինգ անդամից` նախագահ, նախագահի տեղակալ և երեք անդամ: Հանձնաժողովի անդամներից առնվազն մեկը պետք է ունենա իրավաբանական և մեկը` տնտեսագիտական կրթություն:

Հանձնաժողովի անդամներին նշանակում է Հայաստանի Հանրապետության Նախագահը` Հայաստանի Հանրապետության վարչապետի ներկայացմամբ` տարեկան ռոտացիոն սկզբունքով (յուրաքանչյուր տարի հանձնաժողովի մեկ անդամի նշանակմամբ), հինգ տարի պաշտոնավարման ժամկետով, բացառությամբ լիազորությունների վաղաժամկետ դադարեցման դեպքերի: Հայաստանի Հանրապետության Նախագահը` Հայաստանի Հանրապետության վարչապետի ներկայացմամբ, նշանակում է հանձնաժողովի նախագահ և նախագահի տեղակալ:

Հանձնաժողովի անդամ կարող են նշանակվել բարձրագույն կրթություն, կառավարման ոլորտում աշխատանքային փորձ ունեցող Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, որոնք իրենց մասնագիտական կարողություններով ի վիճակի են ապահովել օրենքներով և իրավական այլ ակտերով սահմանված պարտականությունների կատարումը:

Հանձնաժողովի անդամի պաշտոնավարման առավելագույն տարիքը 65 տարին է:

Հանձնաժողովի անդամ չեն կարող նշանակվել`
ա) դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով անգործունակ կամ սահմանափակ գործունակ ճանաչված անձինք.
բ) օրենքով սահմանված կարգով որոշակի պաշտոն վարելու իրավունքից զրկված անձինք:

Հայաստանի Հանրապետության Նախագահը վաղաժամկետ դադարեցնում է հանձնաժողովի անդամի լիազորությունները`
ա) վերը նշված «ա» կամ «բ» ենթակետերում նշված դեպքերում.
բ) Հայաստանի Հանրապետության քաղաքացիության կորստի դեպքում.
գ) եթե վերջինս դատապարտվել է դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով` դիտավորյալ հանցագործության, ինչպես նաև այն անզգույշ հանցագործության համար, որի համար Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքով նախատեսված է ազատազրկում.
դ) պաշտոնավարման առավելագույն տարիքը լրացնելու դեպքում:
Հայաստանի Հանրապետության Նախագահը կարող է վաղաժամկետ դադարեցնել հանձնաժողովի անդամի լիազորությունները, եթե վերջինս`
ա) թերացել է իր պաշտոնեական պարտականությունները կատարելիս, որի կապակցությամբ առկա է հանձնաժողովի համապատասխան որոշումը.
բ) մեկ տարվա ընթացքում ավելի քան հինգ անգամ անհարգելի բացակայել է հանձնաժողովի նիստերից.
գ) խախտել է օրենքով սահմանված սահմանափակումները:

Հանձնաժողովի անդամի լիազորությունների վաղաժամկետ դադարեցման դեպքում Հայաստանի Հանրապետության Նախագահը` Հայաստանի Հանրապետության վարչապետի ներկայացմամբ, նշանակում է հանձնաժողովի նոր անդամ` սահմանված ժամկետի մնացած ժամանակահատվածի համար: Նման դեպքում, եթե մնացած պաշտոնավարման ժամանակը պակաս է մեկ տարուց, ապա հանձնաժողովի նոր անդամի պաշտոնավարման ժամկետը սահմանվում է հինգ տարի` գումարած մնացած ժամանակահատվածը:

Հանձնաժողովի անդամը կարող է զբաղեցրած պաշտոնից հրաժարական տալ` դիմելով Հայաստանի Հանրապետության Նախագահին և տեղյակ պահելով Հայաստանի Հանրապետության վարչապետին: Հայաստանի Հանրապետության Նախագահը հանձնաժողովի անդամի հրաժարականն ընդունում է մեկ ամսվա ընթացքում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել