Հանձնաժողովի նիստերը դռնբաց են, բացառությամբ սույն օրենքով նախատեսված դեպքերի:
Հանձնաժողովի դռնփակ նիստում, բացի պատգամավորներից, կարող են ներկա գտնվել Հանրապետության Նախագահը, Ազգային ժողովում Հանրապետության Նախագահի մշտական եւ լիազորած ներկայացուցիչները,վարչապետը, նրա լիազորած ներկայացուցիչը, ինչպես նաեւ հանձնաժողովի որոշմամբ հրավիրված անձինք: Հանձնաժողովի դռնփակ նիստում քվեարկությունն արգելվում է:
Հանձնաժողովի դռնբաց նիստում, բացի սույն հոդվածի 2-րդ կետում նշված անձանցից, կարող են ներկա գտնվել Աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները, հասարակայնության հետ կապերի վարչության աշխատակիցները, հանձնաժողովի, խմբակցությունների եւ պատգամավորական խմբերի փորձագետները (մասնագետները), պատգամավորների օգնականները, հանձնաժողովի նախագահի կողմից հրավիրված եւ օրենքով նախատեսված այլ անձինք:
Հանձնաժողովի նիստում նախագծի կամ դրա վերաբերյալ առաջարկությունների քննարկմանն իրավունք ունեն մասնակցել տվյալ փաստաթղթերի հեղինակները:
Հանձնաժողովի նիստի օրակարգի նախագծում ընդգրկված հարցերի հեղինակները, այդ հարցերի վերաբերյալ առաջարկություններ ներկայացրած պատգամավորները, այլ շահագրգիռ մարմինները եւ պաշտոնատար անձինք տեղեկացվում են քննարկումներից առնվազն երեք օր առաջ: