Նոտարական ծառայությունների մատուցման ոլորտում քիչ չէ նաև նոտարական գործողությունների ժամանակ որպես թարգմանիչ հանդես եկող անձի դերը: Այդ իսկ պատճառով նոտարական գործողությունների ժամանակ որպես թարգմանիչ կարող է հանդես գալ համապատասխան լեզվի տիրապետման մասին արդարադատության նախարարության կողմից որակավորման վկայական ունեցող այն անձը, որին վստահում է նոտարը: Օտար լեզվով գործարքը վավերացնելիս կամ հայերենին չտիրապետող կողմին պարզաբանումներ տալու համար թարգմանչի ընտրությունը համաձայնեցվում է կողմերի հետ:
Թարգմանիչ է համարվում նաև համրի նշանները հասկացող և խուլի հետ նշաններով բացատրվելու ունակ անձը:
Թարգմանիչը պետք է նոտարին ու կողմերին մանրակրկիտ թարգմանի վավերացվող կամ հաստատվող փաստաթղթի բովանդակությունը և երաշխավորի, որ թարգմանությունը կատարված է ճիշտ, լրիվ և իր կողմից: Այդ մասին նոտարը կատարում է համապատասխան մակագրություն:
Թարգմանչի ծառայությունների համար վճարումը կատարում են կողմերը:
Նոտարը պարտավոր է նախազգուշացնել թարգմանչին նոտարական գործողության գաղտնիության պահպանման անհրաժեշտության մասին՝ մինչև նոտարական գործողության իրականացումը:
Թարգմանիչը քաղաքացիական օրենսդրությամբ սահմանված կարգով գույքային պատասխանատվություն է կրում իր կատարած ոչ ճիշտ կամ ոչ լրիվ թարգմանությունների հետևանքով պատճառված վնասի համար:
Որպես թարգմանիչ չեն կարող հանդես գալ`
ա) նոտարական գործողությանը մասնակցող վկան.
բ) այն անձը, ում օգտին իրականացվում է նոտարական գործողությունը: