Պայմանավորված սահմանային լարվածությամբ՝ ԱԻՆ Փրկարար ծառայությունն անցել է ուժեղացված ռեժիմի ծառայության։ Այս մասին հայտնում են Արտակարգ իրավիճակների նախարարությունից։
Սույն թվականի սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00։14-ից Արտակարգ իրավիճակների նախարարության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն և մարզային ճգնաժամային կառավարման կենտրոններ բազմաթիվ ահազանգեր են ստացվել ՀՀ տարածքի հարավ-արևելյան հատվածի ուղղությամբ Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումների կողմից իրականացվող ռազմական գործողությունների վերաբերյալ։
Պայմանավորված սահմանին տիրող լարվածությամբ՝ ԱԻ նախարար Ա․ Փամբուխչյանի հրամանով ԱԻՆ ՓԾ Գեղարքունիքի, Սյունիքի և Վայոց ձորի մարզային փրկարարական վարչությունները բերվել են բարձր պատրաստականության ռեժիմի՝ անհրաժեշտության դեպքում արձագանքելու համար։
Փրկարար ծառայությունն անցել է ուժեղացված ռեժիմի ծառայության։
Ժամը 01։04-ից մինչ 01։40-ը Գեղարքունիքի մարզում գործարկվել է 7 շչակ, որից 2-ը՝ Վարդենիս քաղաքում, 5-ը՝ Շատվան, Ջաղացաձոր, Գեղամաբակ, Շատջրեք և Ակունք գյուղերում։
Ժամը 01։49-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքի զորամասի մոտակայքում։ Հրդեհը մարվել է ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի կողմից։ Այրվել է խոտածածկույթ։
ՊՆ թիվ N զորամասի 5 զինծառայող հրշեջ-փրկարարների կողմից տեղափոխվել են հրշեջ-փրկարարական ջոկատի տարածք, այնուհետև՝ համապատասխան ԲԿ։
Ժամը 01։46-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Սյունիքի մարզի Ակներ գյուղի տներից մեկում։ Հրդեհը մարվել է ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատների կողմից։ Այրվել են տան տանիքի փայտե կառուցատարրերը (մոտ 75 քմ)։
Ժամը 08:24-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքի Շահումյան փողոցի թիվ 20 հասցեի մոտակայքում։ Հրդեհը մարվել է ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի կողմից։ Այրվել է մոտ 10 քմ տորֆ և մեկ ծառի կոճղ:
Ժամը 08:53-ին ահազանգ է ստացվել, որ ռմբակոծության հետևանքով արկն ընկել և վնասել է Սյունիքի մարզի Վերիշեն գյուղի տներից մեկը։ Հրշեջ-փրկարարները տեղում իրականացրել են հերթապահություն։
Հրետակոծության թիրախ են հանդիսացել Գեղարքունիքի մարզի Սոթք, Լուսակունք, Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքի և Սյունիքի մարզի 21 բնակավայրեր, մասնավորապես՝ Ներքին Հանդ, Ծավ, Սրաշեն, Սյունիք, Եղվարդ, Ագարակ, Ճակատկեն, Շիկահող, Դավիթ Բեկ, Ուժանիս, Վարդավանք, Կաղնուտ, Տեղ, Խնձորեսկ, Ներքին Խնձորեսկ, Քարաշեն, Արավուս, Ակներ, Վերիշեն, Խնածախ և Իշխանասար բնակավայրերը։