Կառավարությունն առաջարկում է ՀՀ աշխատանքային օրենսգրքում ամրագրել, թե ինչ է պարտադիր կամ հարկադիր աշխատանքը: Աշխատանքային օրենսգրքում սահմանվում է, որ արգելվում է պարտադիր կամ հարկադիր աշխատանքը: Առաջարկվող փոփոխությամբ պարտադիր կամ հարկադիր աշխատանք է համարվում որեւէ ձեւի հարկադրանքի գործադրմամբ կամ գործադրման սպառնալիքի տակ անձից պահանջվող կամ անձի կողմից կատարվող ցանկացած աշխատանքը կամ ծառայությունը, որի համար այդ անձը կամավոր չի հայտնել իր համաձայնությունը, բացառությամբ սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված դեպքերի:
Պարտադիր կամ հարկադիր աշխատանք չի համարվում այն աշխատանքը, որը, օրենքին համապատասխան, կատարում է դատապարտված անձը, զինվորական կամ այլընտրանքային ծառայությունը, յուրաքանչյուր աշխատանք, որը պահանջվում է բնակչության կյանքին կամ բարօրությանը սպառնացող արտակարգ իրավիճակների ժամանակ:
Այս դրույթները խորհրդարանն առաջին ընթերցմամբ քննարկել է սեպտեմբերի 12-ի հերթական նիստերում՝ «ՀՀ աշխատանքային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին», «ՀՀ քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» եւ ««Մարդկանց թրաֆիքինգի եւ շահագործման ենթարկված անձանց նույնացման եվ աջակցության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենսդրական փաթեթի քննարկման ժամանակ:
Փաթեթը ներկայացրել է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ռուբեն Սարգսյանը: Նախագծերի ընդունման արդյունքում Սահմանադրությանը, ԱՄԿ N 29 կոնվենցիայի, «Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիայի պահանջներին համապատասխան՝ օրենսգրքում կսահմանվի «պարտադիր կամ հարկադիր աշխատանք» եզրույթը, այդպիսի աշխատանք չհամարվող աշխատանքների շրջանակը, 2022 թ. հուլիսի 1-ից ուժի մեջ մտած ՀՀ քրեական օրենսգրքում, ինչպես նաեւ «Մարդկանց թրաֆիքինգի եւ շահագործման ենթարկված անձանց նույնացման եւ աջակցության մասին» օրենքում կհամապատասխանեցվեն պարտադիր կամ հարկադիր աշխատանքների եզրույթը՝ միասնականության ապահովման տեսանկյունից: Վերոգրյալի արդյունքում կբարելավվի նաեւ պարտադիր կամ հարկադիր աշխատանքի դեպքերի բացահայտման, զոհերի նույնացման գործընթացը:
ԱԺ աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Լիլիթ Ստեփանյանը ներկայացրել է հանձնաժողովի դրական եզրակացությունը: