Դեռևս կան գերատեսչություններ, որտեղ արձանագրվում են գնումների գործընթացի խախտումներ. վարչապետ

«Ֆինանսների նախարարության կողմից կատարված վերջին շաբաթվա մոնիտորինգը վկայում է, որ էական բարելավում և տեղաշարժ կա գնումների գործընթացում, մասնավորապես պայմանագրերի կնքման, պայմանագրերի մեջ ներառված դրույթների, մրցույթ հայտարարելու ժամանակի պահպանման»,- այսօր տեղի ունեցած Կառավարության նիստի ժամանակ ասել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը:

Նա միաժամանակ նշել է, որ  դա չի նշանակում, թե  բոլոր խնդիրները լուծված են: Դեռևս կան գերատեսչություններ, որտեղ արձանագրվում են գնումների գործընթացի խախտումներ. «Օգոստոս-սեպտեմբեր ամիսներին մենք պետք է ոչ միայն նվազագույնի հասցնենք այդպիսի դեպքերը, այլև ընդհանրապես բացառենք: Սա նշանակում է, որ հոկտեմբերին մենք նորից իրականացնելու ենք ուսումնասիրություն գնումների գործընթացում, և խնդրում եմ, որպեսզի նախարարները իրենց անձնական հսկողության տակ պահեն խնդիրը:

Երկրորդը՝ սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին մենք իրականացնելու ենք պետության կողմից մատուցվող ծառայությունների մոնիտորինգ, ինչպես որ դա իրականացնում էինք անցած և նախանցած տարիներին: Մոնիտորինգն իրականացնում են ոչ պետական կառույցները, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները. դրա արդյունքները քննարկման առարկա են դառնում վերահսկող ծառայությունների կողմից, որից հետո մենք տալիս ենք գնահատականներ: Առաջին հերթին խոսքը վերաբերում է այն ծառայություններին, որոնց առնչվում են հարյուր հազարավոր մեր քաղաքացիներ»:

Վարչապետը նաև նշել է. «Համախառն ներքին արդյունքի գնահատականները մենք արդեն հավաքում ենք ըստ գերատեսչությունների, առանձին խորհրդակցություն կանցկացնենք և կառավարության հերթական նիստերից մեկում կամփոփենք արդյունքները, մեր գնահատականները նախորդ ամիսների տնտեսական աճի ներուժի վերաբերյալ և 2013 թվականի՝ ըստ ոլորտների սպասվող տնտեսական աճի վերաբերյալ: Այստեղ էլ բոլոր գերատեսչություններն անելիք ունեն: Բոլոր տեղեկությունները կտրամադրենք նաև Պետական եկամուտների կոմիտեին, որպեսզի ըստ համախառն ներքին արդյունքի աճի կարողանանք բացահայտել նաև լրացուցիչ հարկերի հավաքման ներուժն ըստ ոլորտների»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել