Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը:
Նա անդրադարձել է ս.թ. օգոստոսի 4-ին, 5-ին առաջացած կենսաթոշակի վճարման խնդրին, որն ունեցել են շուրջ 1400 թոշակառուները ցուցակները ժամանակին Հայփոստի բաժանմունքներ չհասնելու պատճառով:
«Ես հանձնարարել եմ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին, ինչպես նաև վարչապետի վերահսկողության ծառայությանը` քննություն կատարել:
Պետք է արձանագրենք, որ չնայած այն արմատական փոփոխություններին, որ մենք կատարեցինք այս բնագավառում, դեռևս նկատվում է ներքին դիմադրություն՝ նոր համակարգի ներդրմանը: Առաջին անգամ թոշակը վճարվում է էլեկտրոնային տվյալների բազայի հիման վրա: Շատ մարդկանց դա դուր չի գալիս, և նրանք փորձում են ցույց տալ, որ պետք է զուգահեռաբար նաև թղթային փաստաթղթերով թոշակ նշանակվի և վճարվի: Հասկանալի է, որ այս կոռուպցիոն ռիսկերն առաջանում էին թղթային ձևակերպման ժամանակ, երբ որ ամբողջական վերահսկողություն իրականացնելը դառնում էր չափազանց դժվար:
Նախարարն ինձ զեկուցել է, որ չնայած այսպիսի արմատական փոփոխություններին, չարաշահումների բացահայտմանը՝ վերջին երեք ամիսների ընթացքում արձանագրվել են նոր խախտումներ: Այսինքն, կան մարդիկ, ովքեր փորձում են որոշակի հին մեթոդներով փող վաստակել անօրինական ձևով: Բոլոր նյութերը կնախապատրաստվեն նախարարության կողմից, և սեպտեմբերին մենք հրապարակային կներկայացնենք, թե ինչ չարաշահումներ են առկա եղել համակարգում և ինչ եղանակներ էին օգտագործվում անօրինական ձևով փող աշխատելու համար:
Մենք մեր քաղաքացիներից ներողություն ենք խնդրում, որ առաջացել են այսպիսի խնդիրներ և վճարման հետ կապված հերթեր: Դրանք պայմանավորված էին նոր համակարգի ներդրմամբ և այն դիմադրությամբ, որը, ցավոք սրտի, դեռևս առկա է համակարգում: Նախարարը հավաստիացրել է ինձ, որ սեպտեմբեր ամսվա ընթացքում այլևս նման խնդիր չի առաջանա, և մեր թոշակառուները ժամանակին, առանց բարդության կստանան իրենց թոշակները»,- ասել է վարչապետը:
Իրավաբան.net