Առանձնապես խոշոր չափերով յուրացման մեջ մեղադրվող նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի և նախկին փոխոստիկանապետ Լեևոն Երանոսյանի և ևս երկու բարձրաստիճան զինվորականի գործը սեպտեմբերի 1-ին ուղարկվել է Հակակոռուպցիոն դատարան: Այս մասին Iravaban.net-ը տեղեկանում է «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից:
Նշենք, որ Վլադիմիր Գասպարյանին մեղադրանք է առաջադրվել հին Քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի ( Յուրացնելը կամ վատնելը՝ հանցավորին վստահված ուրիշի գույքի հափշտակությունը զգալի չափերով, որը կատարվել է խոշոր չափերով, մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ և պաշտոնեական դիրքն օգտագործելով) հատկանիշներով, 2 դրվագով և 308-րդ հոդվածի 2-րդ մասի ( Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ) հատկանիշներով:
Լևոն Երանոսյանին մեղադրանք է առաջադրվել նախկին Քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի ( Յուրացնելը կամ վատնելը՝ հանցավորին վստահված ուրիշի գույքի հափշտակությունը զգալի չափերով, որը կատարվել է խոշոր չափերով, մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ և պաշտոնեական դիրքն օգտագործելով) հատկանիշներով, 308-րդ հոդվածի 2-րդ մասի ( Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ) հատկանիշներով և 314-րդ հոդվածի 1-ին մասի (Պաշտոնատար անձի կողմից շահադիտական նպատակով կամ անձնական այլ դրդումներով կամ խմբային շահերից ելնելով՝ պաշտոնական փաստաթղթերում ակնհայտ կեղծ տեղեկություններ կամ գրառումներ մտցնելը, կեղծում, քերվածք կամ այլ թվական գրառումներ կամ փոփոխություններ կատարելը, ինչպես նաև կեղծ փաստաթղթեր կազմելը կամ հանձնելը) հատկանիշներով:
Վլադիմիր Գասպարյանի, Լևոն Երանոսյանի, Վարդան Թունյանի և Գուրգեն Գրիգորյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրված՝ ստորագրություն չհեռանալու մասին: