Ինչպե՞ս է կազմակերպվում պետության և համայնքների սեփականություն հանդիսացող հողամասերի աճուրդը

Պետության և համայնքների սեփականություն հանդիսացող հողամասերի վաճառքը իրականացվում է աճուրդով: Համայնքներին պատկանող հողերի աճուրդը կազմակերպում համայնքի ղեկավարը: Աճուրդի անցկացման օրվանից մեկ ամիս առաջ կազմակերպիչը զանգվածային լրատվական միջոցներով, մասնավորապես՝ ՙՀայաստանի Հանրապետություն՚ օրաթերթում, հրապարակում է սակարկությունների անցկացման վայրը, օրը, ժամը, ինչպես նաև աճուրդի հանված հողամասի գտնվելու վայրը, օգտագործման նպատակը, ծածակագիրը, մեկնարկային գինը, հողամասի չափերը, ճանապարհների, ջրատարի գազատարի, հաղորդման գծերի, գազատարի առկայության դեպքում տվյալները (գյուղատնտեսական հողամասի դեպքում նշվում են նաև որակական հատկանիշները):

Կառուցապատման համար նախատեսվող հողամասերի աճուրդի պայմաններում նշվում են կառուցապատմանն առնչվող բոլոր քաղաքաշինական, բնապահպանական և այլ բնույթի պահանջները և սահմանափակումները: Հողամասի վերաբերյալ ամբորջական տվյալները աճուրդի արդյունքների ամփոփումից հետո 12օրյա ժամկետում տրամադրվում են աճուրդում հաղթող մասնակցին:

Աճուրդին մասնակցել ցանկացողները կարող են ներկայացնել առնվազն երկու հայտ: Հայտերի ընդունումը և մասնակիցների գրանցումը դադարեցվում է աճուրդի անցկացման օրվանից երեք օր առաջ:Աճուրդին իրավունք ունեն մասնակցելու միայն այն անձինք, ովքեր գրանցված են, կազմակերպիչ են կամ արձանագրող:

Աճուրդի սկսվելու պահից մուտքն աճուրդի անցկացման վայր արգելվում է:

Յուրաքանչյուր սակարկության արդյունքով կազմվում է առանձին արձանագրություն:

Գյուղատնտեսական նշանակության հողամասերի աճուրդի դեպքում մեկ լոտով օտարվող հողամասի առավելագույն չափը չի կարող գերազանցել 20հա-ն, իսկ նվազագույնը՝ պակաս լինել տվյալ համայնքում սեփականաշնորհված հողամասի չափից:

Աճուրդը կարող է սկսվել այն ժամանակ, երբ մասնակիցների թիվը մեկից ավել է:Աճուրդի մեկնարկային գինը սահմանվում է համայնքի ղեկավարի կողմից՝ համաձայնեցնելով ավագանու հետ, բայց գինը չի կարող պակաս լինել հողի կադաստրային արժեքի 50%-ից:

Երբ է աճուրդը համարվում չկայացած

Աճուրդը համարվում է չկայացած, երբ ներկայացվել է մասնակցության մեկ հայտ, կամ սակարկություններում հաղթած անձը հրաժարվել է հողամասը ձեռք բերելուց, ինչպես նաև չկայացած կարող է համարվել դատական կարգով:Աճուրդում հաղթած և հողամաս գնելուց հրաժարված անձը զրկվում է տվյալ հողամասն ուղղակի վաճառքով գնելու իրավունքից և նրան չի վերադարձվում նախավճարը:

Առաջին անգամ աճուրդը չկայանալու դեպքում երկրորդ աճուրդը անց է կացվում նույն ընթացակարգով:

Բացառություն է կազմում գյուղատնտեսական նշանակության հողամասերը, որոնց աճուրդը անց է կացվում յոթ աշխատանքային օրվա ընթացքում:

Եթե աճուրդը չի կայանում մեկ հայտ ներկայացնելու պատճառով, ապա հողամասն ուղղակի վաճառքի միջոցով կարող է օտարվել առաջին հերթին աճուրդի մասնակցության ներկայացնողին, իսկ նրա հրաժարվելու դեպքում՝ այլ անձանց:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել