Կատարողական գործողությունների իրականացման համար սահմանվում է երկամսյա ժամկետ, բացառությամբ ստորև նախատեսված դեպքերի: Կատարողական գործողությունների իրականացման երկամսյա ժամկետում չեն հաշվարկվում կատարողական գործողություններն աճուրդային գործընթացում գտնվելու, գույքն ուղղակի վաճառքով իրացնելու, պարտապանի կամ նրա գույքի հետախուզման, ինչպես նաև կատարողական վարույթի հետաձգման կամ կասեցման ժամկետները:
Օրենքով կամ այլ իրավական ակտերով սահմանված կատարողական գործողություններ իրականացնելու համար կարող են սահմանվել անհապաղ կատարման ժամկետներ:
Աշխատավարձից, կենսաթոշակից, այլ եկամուտներից, ալիմենտային պարտավորություններից բխող բռնագանձումների կատարումը, ինչպես նաև հարկադիր կատարման պարբերական բնույթ ունեցող կատարողական գործողությունները (երեխայի տեսակցություն և այլն) իրականացվում են պարբերական կատարման միջոցով: Այդ դեպքերում հարկադիր կատարումը դադարում է վարույթի ավարտով կամ կարճմամբ:
Կատարողական գործողությունների կատարման համար սահմանված երկամսյա ժամկետը Հայաստանի Հանրապետության գլխավոր հարկադիր կատարողի կողմից կարող է երկարաձգել մինչև 2 ամիս ժամկետով` հարկադիր կատարման ծառայության մարզային (Երևանի քաղաքային) բաժնի պետի միջնորդությամբ:
Բարդ և ծավալուն կատարողական գործողություններ պահանջող վարույթների ընթացքը արդյունավետ լուծելու համար Հայաստանի Հանրապետության գլխավոր հարկադիր կատարողի կամ հարկադիր կատարման ծառայության մարզային (Երևանի քաղաքային) բաժնի պետի որոշմամբ կարող է ստեղծվել հարկադիր կատարողների խումբ: Հարկադիր կատարողների խմբի ղեկավարին նշանակում է հարկադիր կատարողների խումբ ստեղծելու մասին որոշում կայացրած պաշտոնատար անձը: