«Մեզ համար առաջնային է, որ բոլոր երեխաներն ունենան կրթության հավասար հնարավորություններ». Ժաննա Անդրեասյան

Նոր ուսումնական տարվան ընդառաջ՝ «Մոսկվայի տուն» մշակութային կենտրոնում այսօր տեղի է ունեցել Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ավագ դպրոցների օգոստոսյան խորհրդակցությունը, որը վարել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը:

Այս մասին տեղեկանում ենք Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից։

Խորհրդակցությանը մասնակցել են ԿԳՄՍՆ հանրակրթության վարչության պետ Արսեն Բաղդասարյանը, ԿԶՆԱԿ-ի տնօրենի պաշտոնակատար Արտաշես Թորոսյանը, Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի տնօրեն Արաքսիա Սվաջյանը, նախարարության պատասխանատուներ, ավագ դպրոցների տնօրեններ։ 

Խոսելով առաջնային անելիքների մասին` ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը նշել է, որ ուսումնական տարվա ընթացքում մեծածավալ աշխատանք է իրականացվելու գալիք ուսումնական տարվանից նոր չափորոշիչների տեղայնացմանը նախապատրաստվելու համար: Այդ նպատակով նախատեսվում են վերապատրաստումներ, բովանդակային քննարկումներ: 2023 թվականի  սեպտեմբերից նոր չափորոշիչը տեղայնացվելու է 2-րդ, 5-րդ, 7-րդ և 10-րդ դասարաններում: 

«Սա նշանակում է, որ ավագ դպրոցների համար նոր չափորոշիչների ներդրումը կսկսվի 10-րդ դասարանից»,- ասել է նախարարի տեղակալը` ընդգծելով, որ աշխատանքի կազմակերպման սկզբունքների էական փոփոխություն է նախատեսվում: 

Ըստ Ժաննա Անդրեասյանի` ավագ դպրոցներում ավանդաբար գործող հոսքային ուսուցման մոդելը կփոխարինվի անհատական ուսուցմամբ. «Ավագ դասարաններում ներդնելու ենք անհատական դասացուցակի մոդել. երեխաներին ուսուցանվելու են պետական պարտադիր բաղադրիչով նախատեսված առարկաները, և նրանք ունենալու են ազատություն` ընտրելու դասացուցակի մնացած առարկաները` ըստ իրենց նախասիրությունների: Սա նշանակում է՝ փոխվելու է ավագ դասարանների կազմավորման ձևը: Մենք չենք ունենալու, այսպես կոչված, միասնական 10Ա կամ 10Բ դասարան: Օրինակ` 10-րդ դասարանում ունենալու ենք տարբեր առարկաների ուսուցմանը մասնակցող տարբեր խմբեր: Սա նշանակում է, որ նոր մոտեցում է ցուցաբերվելու ուսումնական գործընթացի կազմակերպմանը»:

Փոխնախարարի խոսքով` այս նոր սկզբունքը փորձարկվել է Տավուշի մարզում, և արդեն նկատվում է դրական արդյունք: Նոր մոտեցումները տեղայնացվելու են նաև գյուղական բնակավայրերի միջնակարգ դպրոցներում, որտեղ նույնպես կան ավագ դասարաններ:

«Մեզ համար առաջնային է, որ բոլոր երեխաները, անկախ բնակության վայրից, ունենան կրթության հավասար հնարավորություններ,- ասել է նա և հավելել,- ավագ դպրոցներն ունեն հավելյալ առաքելություն` դառնալ կրթության նորարարության կենտրոններ` ձևավորելով կրթական նոր առաջարկներ և բարձր պահանջարկ»: 

Ժաննա Անդրեասյանն անդրադարձել է նաև նոր չափորոշչով նախատեսված ուսուցչի դրույքի ժամային ծանրաբեռնվածության նվազմանը: Նոր չափորոշչի տեղայնացմանը զուգահեռ` ուսուցչի մեկ դրույք ծանրաբեռնվածությունը տարրական դասարաններում կսահմանվի շաբաթական 18 դասաժամ, միջին և ավագ դասարաններում` 20 դասաժամ:  

Հանդիպման ավարտին Ժաննա Անդրեասյանն ու ԿԳՄՍ նախարարության ներկայացուցիչները պատասխանել են ավագ դպրոցների տնօրենների հարցերին։ 

Անդրադարձ է եղել կամավոր ատեստավորմանը, «Հանրակրթության մասին» օրենքի փոփոխություններին, մասնավորապես՝ դպրոցների վարչական աշխատողների դասավանդմանն առնչվող նոր իրավակարգավորումներին, ուսումնական պլաններին և այլ հարցերի:

Նոր ուսումնական տարվա նախապատրաստական աշխատանքների շրջանակում անցկացվող օգոստոսյան խորհրդակցությունների շարքն ամփոփվել է Երևան քաղաքի հանրակրթական ուսումնական հաստատությունների տնօրենների հետ հանդիպմամբ: 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել