Կառավարության որոշմամբ հաստատվել է նախադպրոցական կրթության պետական չափորոշիչը, որի հիման վրա մշակված ուսումնական նոր ծրագրերն այս տարի փորձարկվելու են 60 նախադպրոցական հաստատություններում:
Այս մասին տեղեկանում ենք Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից։
Փորձարկումից հետո ուսումնական նոր ծրագրերը կլրամշակվեն և կներդրվեն ողջ հանրապետությունում: Երևանի նախադպրոցական ուսումնական հաստատությունների տնօրենների օգոստոսյան խորհրդակցությանն այս մասին հայտարարել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հանրակրթության վարչության պետ Արսեն Բաղդասարյանը:
Քննարկման ընթացքում վարչության պետն անդրադարձել է նաև նախադպրոցական հաստատությունների տնօրենների հավաստագրման գործընթացին, որն այս տարի իրականացվելու է առաջին անգամ: Նա նշել է, որ հարցաշարն արդեն հրապարկված է, առաջիկայում տեղի կունենան հավակնորդների` ղեկավարման իրավունքի ձեռքբերման քննությունները:
Նախադպրոցական ուսումնական հաստատությունների տնօրենների հետ հանդիպմանը ներկա են եղել ԿԳՄՍՆ հանրակրթության վարչության պետ Արսեն Բաղդասարյանը, ԿԶՆԱԿ-ի տնօրենի պաշտոնակատար Արտաշես Թորոսյանը, Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի տնօրեն Արաքսիա Սվաջյանը, ԿԳՄՍՆ հանրակրթության և արտադպրոցական ծրագրերի մշակման և իրականացման բաժնի պետ Սուսաննա Ազատյանը, հանրակրթության և արտադպրոցական կրթության քաղաքականության մշակման և վերլուծության բաժնի պետ Անուշ Լալազարյանը, Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետի պաշտոնակատար Մարգարիտ Խաչատրյանը:
Քննարկման ընթացքում Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի տնօրեն Արաքսիա Սվաջյանը ներկայացրել է պարզաբանումներ նախադպրոցական համակարգում համընդհանուր ներառման անցնելու վերաբերյալ:Նա նշել է, որ Երևանում գործում են տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության չորս կենտրոններ, որոնք իրականացնելու են նախադպրոցական ուսհաստատությունների սաների կարիքների գնահատում:
ԿԳՄՍ նախարարության հանրակրթության վարչության գլխավոր մասնագետ Թեհմինե Կարախանյանն անդրադարձել է սաների ընդունելության, նախադպրոցական հաստատությունների ներքին և արտաքին գնահատման կարգերին:
Խորհրդակցությունն ամփոփվել է հարցուպատասխանով: