ԵԱՀԿ Մինսկի խմբի մանդատը ոչ ոք չի չեղարկել. ՀՀ ԱԳՆ

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունն ունի միջազգային մանդատ՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղի հակամարտության տևական ու համապարփակ կարգավորմանը:

«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Վահան Հունանյանը՝ մեկնաբանելով ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահի նշանակման լուրին Բաքվի արձագանքը:

«Այդ մանդատը ոչ ոք չի չեղարկել»,- հավելել է Հունանյանը:

Օգոստոսի 25-ին Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղարությունը հայտնել էր, որ Ֆիլիպ Ռիքերը նշանակվել է Կովկասյան բանակցությունների գծով ավագ խորհրդական և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ: Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունն այդ լուրին արձագանքել էր անհեթեթ հայտարարությամբ, թե «․․․գրեթե չգործող Մինսկի խմբին վերակենդանացնելու փորձերը կարող են հանգեցնել Ադրբեջանի և Հայաստանի հարաբերությունների կարգավորման գործընթացից ԱՄՆ-ի հեռացման»։ Ադրբեջանի ԱԳՆ-ից հայտարարել էին նաև, թե «ղարաբաղյան հակամարտությունը կարգավորված է»՝ հավելելով, որ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումը ԼՂ հարցի հետ կապելը «որևէ կերպով չի նպաստի այդ հարաբերությունների կարգավորմանը»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել