Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցի 8-րդ հոսքի հերթական հանդիպմանը՝ օգոստոսի 25-ին, դպրոցի ունկնդիրներն առցանց տարբերակով քննարկեցին ՀՀ 2019 -2022թթ. հակակոռուպցիոն ռազմավարության և դրա իրականացման միջոցառումների ծրագիրը։
Հանդիպման ընթացքում ունկնդիրները խոսեցին Հակակոռուպցիոն ռազմավարության, կոռուպցիայի կանխարգելման, հակակոռուպցիոն կրթության և իրազեկման, կոռուպցիայի դեմ պայքարում հասարակության մասնակցության մասին։
Հակակոռուպցիոն փորձագետ Սյուզաննա Սողոմոնյանը ունկնդիրներին ներկայացրեց ՀՀ 2019-2022թթ. հակակոռուպցիոն ռազմավարության թերություններն ու խնդիրները, որոնք ի հայտ էին եկել քաղաքացիական հասարակության կազմակերպությունների կողմից իրականացված ռազմավարության գնահատման և մոնիթորինգի ընթացքում։
Քննարկում ծավալվեց կոռուպցիայի դեմ պայքարի երեք հիմնասյուներից հակակոռուպցիոն կրթության արմատավորման, կոռուպցիայի հետևանքների և դրա դեմ պայքարի անհրաժեշտության մասին հասարակություն իրազեկման և ապակոռումպացված պետական կառավարման հասարակական պահանջարկի ձևավորման գործում պետության կողմից ձեռնարկված և ձեռնարկվող գործողությունների և դրանց արդյունավետության վերաբերյալ։
Դպրոցի ունկնդիրները կարծիք հայտնեցին, որ հակակոռուպցիան արժեքների սերմանումը պետք է սկսվի մանկապարտեզներից ու նախակրթարաններից և իրականացվի համապատասխան խաղերի, հեքիաթների, բեմադրությունների ու մանկական այլ ծրագրերի միջոցով, այնինչ, ներկայումս հասարակության իրավագիտակցություն բարձրացման ու իրավական մշակույթի ձևավորման բնագավառում իրականացվող կրթական միակ ծրագիրը եղել է «Հասարակագիտություն» առարկան դպրոցական ծրագրերում ներդնելը, որում սակայն կոռուպցիայի դեմ պայքարի անհրաժեշտության, հետևանքների, պայքարի ուղիների ու ռազմավարություն վերաբերյալ ինֆորմացիան բացակայում է։
Ունկնդիրները ներկայացրին նաև սեփական պատկերացումները հակակոռուպցիոն կրթության ոլորտի զարգացման հայաստանյան հեռանկարների վերաբերյալ։
Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցը կազմակերպում է «Իրավաբանների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպությունը՝ Հայաստանի ՔՀԿ–ների հակակոռուպցիոն կոալիցիայի հետ համագործակցությամբ: