Կառավարությունը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի իր 6.8 տոկոս բաժնեմասի կառավարումը կհանձնի ԱՆԻՖ-ին

Կառավարությունն ընդունել է «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերով հավաստված իրավունքները հավատարմագրային կառավարման հանձնելու մասին որոշում: Հիմնավորման համաձայն՝ Հայաստանի Հանրապետությունը որպես նվիրատվություն «ԱՄՓ» հոլդինգ ՍՊԸ-ից ստացել է «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» փակ բաժնետիրական ընկերությունում սեփականության իրավունքով «ԱՄՓ» հոլդինգին պատկանող 188,947 հատ հասարակ (սովորական) բաժնետոմսեր, որոնք կազմում են «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի բաժնետոմսերի ընդհանուր քանակի 6,875 տոկոսը: Դրանց կառավարման լիազորությունը վերապահվել է ՀՀ վարչապետի աշխատակազմին: Բաժնետոմսերի կառավարման արդյունավետությունը երաշխավորելու նպատակով՝ առաջարկվում է հավատարմագրային կառավարման մասին պայմանագրի հիման վրա բաժնետոմսերը հանձնել «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» (ԱՆԻՖ) ՓԲԸ-ին՝ պահպանելով բաժնետոմսերի նկատմամբ պետության սեփականության իրավունքը։ ԱՆԻՖ-ը հանդիսանում է 100% պետական սեփականությամբ առևտրային կազմակերպություն, որի մանդատներից մեկը պետության ռազմավարական նշանակության ակտիվներում պետության՝ որպես սեփականատեր, արդյունավետ ներկայացուցչությունն է: ԱՆԻՖ-ի միջոցով Հայաստանի Հանրապետությունը առավել արդյունավետ կիրացնի իր բաժնեմասնակցությունն ընկերությունում, ինչպես նաև ԱՆԻՖ-ի միջոցով կարող է ստեղծել պետության և ընկերության բաժնետերերի միջև երկարաժամկետ համատեղ տեսլական և հնարավորություններ բիզնեսի զարգացման և Հայաստանի տնտեսական օգուտների համար։ Այսպիսով, որոշմամբ առաջարկվում է «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» փակ բաժնետիրական ընկերության՝ Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող 6,875 տոկոս բաժնետոմսերով հավաստված իրավունքները հանձնել ԱՆԻՖ-ի հավատարմագրային կառավարմանը:

Արձագանքելով՝ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ դեռևս 2021 թ. սեպտեմբերի 30-ին կառավարությունը ստացել է 15 տոկոս Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի բաժնետոմսերից նվիրատվություն և այն ժամանակ կառավարությունը այդ բաժնեմասի կառավարումը հանձնել է ԱՆԻՖ-ին: «Հիմա 2022 թվականի մարտի 24-ին մենք որպես նվիրատվություն ստացել ենք ևս 6,8 տոկոս: Այն ժամանակ այդ նվիրատվությունը մենք ընդունել ենք գաղտնի որոշմամբ: Ինչու՞, որովհետև նվիրատուն իր կոմերցիոն հարցերի հետ կապված խնդրանք ուներ, որ գաղտնի պահվի: Հիմա իրենց համար գաղտնիության անհրաժեշտությունը վերացել է, և մենք այդ 6.8 տոկոս բաժնեմասը հանձնում ենք ԱՆԻՖ-ին կառավարման համար: Հայաստանի Հանրապետության կառավարությունը մարտի 24-ից հետո ունի 21,875 տոկոս բաժնեմաս, ինչը շատ կարևոր իրադարձություն է»,– ասել է վարչապետը:

Կառավարության ղեկավարը նշել է, որ նման նախընտրական խոստմամբ հանդես է եկել 2021 թ. նախընտրական քարոզարշավի ժամանակ, որը նույնպես իրականացվել է. «Հույս ունեմ, որ այս որոշումը կնպաստի ոլորտի թափանցիկությանը, պետական եկամուտների գեներացմանը և ընդհանուր՝ մեր երկրի զարգացմանը»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել