Պետությունը կտրամադրի նպատակային ֆինանսավորում. նոր նախագիծ

ՀՀ կառավարությունը հավանություն է տվել  «Կրթության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին»  նախագծին, որն հաջորդաբար քննարկվելու է Ազգային ժողովում:

Այս մասին տեղեկանում ենք Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից:

Նոր կարգավորմամբ առաջարկվում է սահմանել պետական պարտավորություն ըստ որի՝ հատուկ ծրագիր իրականացնող ուսումնական հաստատությունների բոլոր դասարանների սովորողները պետական միջոցների հաշվին կապահովվեն հատուկ կրթական ծրագրերով նախատեսված դասագրքերով և ուսումնառության համար անհրաժեշտ այլ նյութերով:

Մասնավորապես տարրական հանրակրթական ծրագիր իրականացնող ուսումնական հաստատությունների առաջինից չորրորդ, ինչպես նաև հատուկ ծրագիր իրականացնող ուսումնական հաստատությունների բոլոր դասարանների սովորողներին պետությունը պետբյուջեի միջոցների հաշվին անվճար ապահովում է տարրական ընդհանուր և հատուկ հանրակրթական ծրագրերով նախատեսված դասագրքերով:

Նախատեսվում է պետական բյուջեի միջոցներից նախադպրոցական, հանրակրթական, նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների համար սահմանել նպատակային ֆինանսավորում` կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող, այդ թվում՝ հաշմանդամություն ունեցող անձանց կրթության կազմակերպման գործընթացում խելամիտ հարմարեցումներ ապահովելու նպատակով:

Վերոնշված փոփոխությունների նպատակն է նախադպրոցական, հանրակրթական, նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության ոլորտում անցնել համընդհանուր ներառման:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել