Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի հետևանքով տուժած տնտեսվարողներին փոխհատուցելու վերաբեյալ հարցին:
«Ինչումն է խնդիրը. եթե այդ միջավայրում աշխատող գործարարներն ապահովագրած լինեին իրենց գույքը, և այդ ծառայությունը հասանելի է ու շատ մարդիկ անում են դա, ապահովագրում են իրենց տարածքը, գույքը, բնականաբար այդ դեպքերում հատուցելի կլիներ վնասը: Կառավարությունը չի կարող իր վրա ֆունկցիա վերցնել՝ փոխհատուցել այն ծախսը, որը պետք է աներ ապահովագրական ընկերությունը»,-ասաց նա:
Նախարարի խոսքով՝ եթե գործարարը նման ռիսկերը հաշվի չի առնում, ապա Կառավարությունն անելիք չունի:
Նա նշեց, որ Հայաստանի բիզնեսները պետք է սովորեն՝ աշխատել բարձր ստանդարտներով և չակնկալեն, որ իրենց վնասները պետք է փոխհատուցի Կառավարությունը: