Կառավարության օգոստոսի 24-ի նիստում Հակակոռուպցիոն կոմիտեի խորհրդանիշի ձևի և նկարագրի մասին որոշում կընդունվի։
Iravaban.net-ը հայտնում է, որ ավելի վաղ ներկայացված և հանրային քննարկման ներկայացված խորհրդանիշը դրական արձագանքի չի արժանացել։ Նոր նախագծում այն փոխվել է։
Խորհրդանիշի նկարագրում նշվում է․
- Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն կոմիտեի խորհրդանիշի տարրերն են՝ վահանը, սուրը, առյուծը և գանձարկղը:
- Վահանը՝ հասարակության և մարդու իրավունքների պաշտպանության, սուրը՝ արդարադատության և պատժի անխուսափելիության խորհրդանիշերն են:
- Վահանը մոխրագույն է` մուգ մոխրագույն եզրագծով: Առյուծն ու գանձարկղը ոսկեգույն են, իսկ ընդհանուր ետնապատկերը (ֆոնը)` մուգ և բաց կապույտների համադրությամբ:
- Վահանն ուղղահայաց հնգանկյուն է, որի վերևում տեղադրված են Հայաստանի Հանրապետության զինանշանն ու Հայաստանի Հանրապետության դրոշը:
- Առյուծը պատկերված է վահանի վրա` կենտրոնում: Այն ուժի խորհրդանիշն է, ունի կանգնած դիրք և թաթով պահպանում է գանձարկղը, որը խորհրդանշում է այն արժեքները, որոնք ենթակա են պաշտպանության հանցավոր ոտնձգությունից։ Առյուծն ունի երախը բաց տեսք, որը խորհրդանշում է խիզախությունը, հզորությունը։
- Առյուծից ներքև` մուգ կապույտ ժապավենի վրա, սպիտակ տառերով գրված է «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԿՈՄԻՏԵ»։