«Փեթակ» առևտրի կենտրոնի տնտեսվարողները պահանջում են հստակ օր հայտարարել՝ թե երբ կարող են վերադառնալ աշխատանքի․ Հայկ Կոստանյան

«Փեթակ» առտևրի կենտրոնի տնտեսվարողները պահանջում են հստակ օր հայտարարել՝ թե երբ կարող են վերադառնալ աշխատանքի։

Այս մասին հայտնում է Արտակարգ իրավիճակների մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը։

«Այս պահին Ոստիկանության, Քննչական կոմիտեի և ԱԻՆ պաշտոնյանները քննարկում են ելք գտնել տնտեսվարողների բնականոն աշխատանքի վերադառնալու ուղղությամբ։

Որոշումը կայացնելուց հետո հայտարարություն կտարածվի»,-նշել է նա։

«Փեթակ» առտևրի կենտրոնի աշխատակիցները բողոքում են, որ թույլ չեն տալիս աշխատել և հստակ պարզ էլ չէ, թե ինչն է պատճառը։ Նրանց խոսքով ֆինանսական մեծ վնասներ են կրում։ «Փեթակում» վաճառվում են ոչ միայն տնտեսական ապրանքներ, այլև՝ սնունդ, որը, աշխատակիցների խոսքով, դուրս է բերվել, տեղավորվել սառցարաններում։

__________

Հիշեցնենք, որ օգոստոսի 14-ին, ժամը 13։23-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Արշակունյաց 15 հասցեում գտնվող «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ, ինչի հետևանքով եռհարկանի շինությունը մասնակի փլուզվել է։

Հրդեհը մեկուսացվել է օգոստոսի 16-ի ժամը 14։38-ին, մարվել՝ 17։49-ին։ Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների իրականացման տարածքը նախնական տվյալներով կազմում է մոտ 1 հա։ Փլուզվել է եռհարկանի շինության (2889 քմ) մեծ մասը և հարակից տարածքում գտնվող մի շարք տաղավարներ։

Փլատակներից դուրս է բերվել 16 դի, որից մեկի անձը դեռ չի ճանաչվել։

Երևան քաղաքի ԲԿ-ներ է դիմել 63 քաղաքացի, որոնցից 3-ը շարունակում է բուժում ստանալ, իսկ մնացածը ստանալով համապատասխան բուժօգնություն, դուրս են գրվել։

Օգոստոսի 14-20-ը ընկած ժամանակահատվածում «Սուրմալու» առևտրի կենտրոնում հրդեհաշիջման և որոնողափրկարարական աշխատանքներին հերթափոխերով մասնակցել են ՓԾ տարածքային և կառուցվածքային ստորաբաժանումներից 1189 փրկարարական ծառայող։

ԱԻՆ «911» թեժ գծին ստացված զանգերի արդյունքում «Սուրմալու» առևտրի կենտրոնի տարածքում անհետ կորած կարող են համարվել հետևյալ քաղաքացիները՝

1․ Գագիկ Կառլենի Կարապետյան, ծնված 1959 թ․
2․ Վանիկ Խաչիկի Ամիրխանյան, ծնված 1967 թ․

Անհետ կորած քաղաքացիների վերաբերյալ որևէ տեղեկություն ունենալու դեպքում խնդրում ենք զանգահարել «911» թեժ գիծ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել