Քրեակատարողական հիմնարկում դատապարտյալին պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու գործընթացը իրականացնում է քրեակատարողական հիմնարկի վարչակազմը՝ հանձնաժողովային կարգով: Դատապարտյալին պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու նպատակով ստեղծում է վարչական հանձնաժողով հետևյալ կազմով:
1. Հանձնաժողովի նախագահ՝ քրեակատարողական հիմնարկի պետ,
2. Հանձնաժողովի նախագահի տեղակալ՝ քրեակատարողական հիմնարկի պետի տեղակալ,
3. Հանձնաժողովի քարտուղար՝ քրեակատարողական հիմնարկի կալանավորված անձանց և դատապարտյալների հաշվառման ստորաբաժանման ղեկավար,
4. անդամներ`
ա) քրեակատարողական հիմնարկի պետի տեղակալներ,
բ) քրեակատարողական հիմնարկի սոցիալական, հոգեբնական և իրավական աշխատանքների ստորաբաժանման ղեկավար,
գ) քրեակատարողական հիմնարկի դատապարտյալների բժշկական սպասարկման ստորաբաժանման ղեկավար,
դ) քրեակատարողական հիմնարկի անվտանգության
ապահովման ստորաբաժանման ղեկավար:
Հանձնաժողովի քարտուղարը չի օգտվում ձայնի իրավունքից։ Վարչական հանձնաժողովի որոշմամբ հանձնաժողովի կազմում կարող են ընդգրկվել նաև այլ քրեակատարողական ծառայողներ, որոնց թիվը չպետք է լինի երկուսից ավելի։ Վարչական հանձնաժողովը մեկամսյա ժամկետում պարտադիր հրավիրում է նիստ: Հարցի քննարկումը տեղի է ունենում դատապարտյալի ներկայությամբ` նրա ցանկությամբ: Վարչական հանձնաժողովի յուրաքանչյուր անդամ կարող է հայտնել դատապարտյալի մասին իր կարծիքը: Դատապարտյալը կարող է տալ բացատրություններ` իրեն վերաբերող հարցերի քննարկման ժամանակ: Որոշումներն ընդունվում են բաց քվեարկությամբ, նիստին ներկա գտնվող վարչական հանձնաժողովի անդամների ձայների մեծամասնությամբ։ Քվեարկությունը տեղի է ունենում դատապարտյալի բացա կայությամբ:
Դատապարտյալին պատժից պայմանական վաղաժամկետ ազատելու հարցը քննարկելու համար պարտադիր են հետևյալ պայմանները՝ ա) դատապարտյալի` օրենքով սահմանված պատժի նվազագույն ժամկետը կրելը, բ) դատապարտյալի գրավոր համաձայնությունը, գ) դատապարտյալի դրական բնութագիրը, դ) տույժ չունենալը։ Նաև հաշվի են առնվում դատապարտյալի հետ իրականացված սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների, ուղղման միջոցների ներգործության արդյունքները։