ՀՀ ոստիկանության Թումանյանի բաժնի օպերատիվ խումբը պարզել է, որ օգոստոսի 15-ի ժամը 17:30-ի սահմանում Լալվար սարի Ռուշանի գոլատեղ կոչվող հանդամասում Աքորի գյուղի 51-ամյա բնակիչն ու Հագվի գյուղի 54-ամյա բնակիչը վիճաբանել են, քաշքշել իրար, հայհոյել, ինչից հետո 54-ամյա տղամարդը իր «ՈՒԱԶ»-ով գնացել է Հագվի, տնից վերցրել երկփողանի որսորդական ողորկափող հրացանը, վերադարձել հանդամաս, ապա շարունակելով վեճը՝ երկու անգամ կրակել է 51-ամյա աքորեցու վրա, որը հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանությունից, օգոստոսի 15-ին, ժամը 19:00-ի սահմանում, ոստիկանություն ահազանգեր են ստացվել, որ Լոռու մարզի Աքորի գյուղի Կաճաճկուտի սարում խոտհնձի ժամանակ վիճաբանություն է եղել, հնչել են կրակոցներ, կա վիրավոր:
«Պարզվել է նաև, որ դեպքից անմիջապես հետո տուժածի հարազատները հանդամասում ծեծի են ենթարկել Հագվի գյուղի 54-ամյա բնակչին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում Հագվի գյուղի 54-ամյա բնակիչը Կաճաճկուտ-Աքորի ճանապարհին, հանցագործության գործիք հրացանով հանդերձ, հայտնաբերվել է: Նա ձերբակալվել է:
Նախաձեռնվել է քրեական վարույթ: Նախաքննությունը շարունակվում է»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: