Ե՞րբ կարող է հարկային մարմինը արգելանք դնել գույքի վրա

«Հարկերի մասին» ՀՀ օրենքի 30.2-րդ հոդվածը սահմանում է. «Գույքի արգելանքը հարկային մարմնի կողմից վերահսկվող եկամուտների գծով պարտավորության կատարումն ապահովելու նպատակով հարկ վճարողի գույքային իրավունքների սահմանափակման միջոցով հարկային մարմնի կողմից իրականացվող գործողություն է: Արգելադրումն իրականացվում է բանկային հաշիվների արգելադրման, ինչպես նաև գույքի տնօրինման, տիրապետման կամ օգտագործման իրավունքի սահմանափակման միջոցով` հարկային պարտավորությունների չափով»:

Նույն հոդվածի համաձայն` հարկային մարմնի կողմից վերահսկվող եկամուտների գծով չկատարված պարտավորության չափը հինգ հարյուր հազար կամ ավելի դրամ կազմելու դեպքում հարկային մարմնի ղեկավարն օրենքով սահմանված կարգով իրավունք ունի հարկ վճարողի գույքի վրա արգելանք դնելու մասին հանձնարարագիր հրապարակել:

Գույքի արգելանքը կարող է կիրառվել միայն հարկային մարմնի կողմից վերահսկվող եկամուտների գծով պարտավորության կատարումն ապահովելու նպատակով:

«Արգելադրման ենթակա է միայն այն գույքը, որն անհրաժեշտ է հարկային մարմնի կողմից վերահսկվող եկամուտների գծով պարտավորության կատարումն ապահովելու համար` հարկային պարտավորությունների չափով»,-այս մասին Իրավաբան.net-ին հայտնում է ՀԵԻԱ իրավաբան Գոհար Կոստանյանը:

Գույքի արգելանքը դրվում է հարկ վճարողի գույքի վրա` անկախ այն հանգամանքից, թե ում մոտ է այն գտնվում: Արգելանքը չի կարող կիրառվել այն գույքի նկատմամբ, որի վրա օրենքով բռնագանձում չի կարող տարածվել, կամ որի պահպանման ժամկետը արգելադրման պահին պակաս է մեկ տարուց: Արգելանք չի կարող դրվել բանկերի, վճարահաշվարկային կազմակերպությունների, ներդրումային ֆոնդերի, այդ թվում` կենսաթոշակային հիմնադրամների և ապահովագրական (վերաապահովագրական) ընկերությունների բանկային, դեպո կամ կենսաթոշակային հաշիվների և դրամական միջոցների վրա:

Գույքի վրա արգելանք դնելու մասին հարկային մարմնի ղեկավարը հանձնարարագիր է հրապարակում: Արգելանք դնելու մասին հանձնարարագրում նշվում են հանձնարարագիր հրապարակող պաշտոնատար անձի անունը, ազգանունը, պաշտոնը, հանձարարագրի տրման տարին, ամիսը, ամսաթիվը, արգելանք դնող մարմնի անվանումը, գույքի արգելադրումն իրականացնող պաշտոնատար անձի (անձանց) պաշտոնը, անունը, ազգանունը, հարկ վճարողի անվանումը, հարկ վճարողի հաշվառման համարը, չկատարված պարտավորության չափը և արգելանք դնելու իրավական հիմքերը: Արգելանք դնելիս հանձնարարագրի պատճենը ներկայացվում է հարկ վճարողին:

Հարկ վճարողի գույքի արգելադրումն իրականացնող պաշտոնատար անձը գույքի վրա արգելանք դնելու մասին հանձնարարագրի հիման վրա դրա հրապարակումից հետո` երեք աշխատանքային օրվա ընթացքում, հարկ վճարողի գույքի վրա արգելանք դնելու մասին ընդունում է որոշում, որտեղ նշվում են որոշումն ընդունելու ամիսը, ամսաթիվը, վայրը, որոշումն ընդունած անձի պաշտոնը, անունը, ազգանունը, քննվող հարցը, ընդունված որոշման հիմքերը այն օրենքների կամ այլ իրավական ակտերի վկայակոչմամբ, որոնցով որոշում ընդունող անձը ղեկավարվել է այն ընդունելիս, քննվող հարցի վերաբերյալ եզրահանգումը:

Գույքի բացակայության, անբավարարության կամ հարկ վճարողի գտնվելու վայրն անհայտ լինելու դեպքում արգելանքն իրականացնող պաշտոնատար անձը կազմում է համապատասխան արձանագրություն: Արձանագրության օրինակելի ձևը սահմանում է հարկային մարմնի ղեկավարը:

Միաժամանակ հարկ վճարողը զգուշացվում է արգելադրած գույքը կամ դրա առանձին բաղադրամասերը վատնելու, օտարելու, թաքցնելու կամ ապօրինաբար մեկ ուրիշին հանձնելու դեպքում քրեական պատասխանատվության ենթարկվելու մասին:

Որոշումը պարտադիր է բոլոր պետական մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների պաշտոնատար անձանց, կազմակերպությունների ու քաղաքացիների համար և ենթակա է կատարման Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում: Որոշման պատճենը ոչ ուշ, քան այն ընդունելու հաջորդ օրը, պատշաճ ձևով ուղարկվում է հարկ վճարողին, ինչպես նաև այլ անձանց ու մարմիններ:

Գույքի արգելադրում կարող է իրականացվել ժամը 8.00-ից մինչև 18.00-ն:

Արգելադրման դեպքում առկա հարկային մարմնի կողմից վերահսկվող եկամուտների գծով պարտավորության ոչ պակաս, քան քսան տոկոսը մարելուց հետո հարկային մարմնի ղեկավարն իրավունք ունի մնացած պարտավորությունը մարելու վերաբերյալ հարկ վճարողի հետ կնքելու պարտավորության աստիճանական մարման ժամանակացույց, որի տևողությունը կարող է սահմանվել 2 ամսից մինչև 6 ամիս ժամկետով: Ընդ որում, եթե արգելադրման ընթացքում հարկ վճարողը դիմում է ժամանակացույց կնքելու համար և ներկայացնում է բավարար հիմքեր այն մասին, որ արգելանքի կիրառումը ակնհայտորեն վտանգում է իր գործունեությունը, ապա հարկային մարմնի ղեկավարը հարկ վճարողի հետ կնքում է պարտավորության աստիճանական մարման ժամանակացույց:

Իրավաբանի փոխանցմամբ` հարկային մարմնի կողմից վերահսկվող եկամուտների գծով պարտավորության դադարման, արգելանք դնելուց հետո` 1-ամսյա ժամկետում, հարկային մարմնի կողմից պարտավորությունը բռնագանձելու վերաբերյալ դատարան հայց չներկայացնելու կամ հարկ վճարողի հետ պարտավորությունը մարելու վերաբերյալ աստիճանական մարման ժամանակացույց կնքելու կամ դատարանի կողմից հայցի ապահովման միջոց կիրառելու միջնորդության վերաբերյալ որոշում կայացնելու դեպքերում գույքի արգելադրման մասին որոշումը համարվում է ուժը կորցրած:

Գույքն արգելանքի վերցնելու մասին որոշման վարչական կարգով բողոքարկումը չի կասեցնում որոշման կատարումը:

Արգելանքի վերցված գույքը վատնելը, օտարելը, թաքցնելը, ապօրինաբար մեկ ուրիշին հանձնելը, փչացնելը կամ ոչնչացնելն արգելվում է:

Հ.Գ. Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը վերջերս դիմել էր ՍԴ` հարկային մարմնի կողմից գույքի վրա արգելանք դնելու վերաբերյալ օրենքի դրույթը հակասահմանադրական ճանաչելու պահանջով, սակայն Սահմանադրական դատարանը այն հակասահմանադրական չէր ճանաչել:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել