Ոստիկանությունը ինքնագլորների երթևեկության կանոններ է մշակել․ տուգանք է սահմանվել

Վերջին ամիսների ընթացքում Երևանում ինքնագլորների երթևեկությունից քաղաքացիների բողոքները շատացել են։ Հետիոտնները և վարորդները դժգոհում են ինքնագլորների երթևեկության չկարգավորման հետևանքով առաջացող անհարմարություններից, և այդ պատճառով ոստիկանությունը հանրային քննարկման է ներկայացրել «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենքում և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» օրենսգրքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերը, որոնք նպատակ ունեն կարգավորել ինքնագլորների (և ոչ միայն) երթևեկությունը։

Ոստիկանությունը սահմանել է «անհատական ​​շարժունակության (տեղաշարժման) միջոց» հասկացությունը, ըստ որի՝ այն մեկ կամ մի քանի անիվ (գլանափողեր) ունեցող, տրանսպորտային միջոց չհանդիսացող սարքն է, որը նախատեսված է էլեկտրական շարժիչի (որի առավելագույն հզորությունը երկարատև ծանրաբեռնվածության ռեժիմում չպետք է գերազանցի 0.25 կՎտ) և (կամ) մարդու մկանային էներգիայի ներազդման միջոցով մարդու տեղաշարժման համար (անվաչմուշկներ, սկուտերներ, էլեկտրական սկուտերներ, սքեյթբորդներ, էլեկտրական սքեյթբորդներ, ինքնակառավարվող սկուտերներ, հիրոսքութերներ, սեգվեյներ, միանիվներ և այլն, բացառությամբ հեծանիվների և հաշմանդամային uայլակների)»:

Նախագծով մասնավորապես առաջարկվում է ինքնագնացների երթևեկությունը 14 տարեկանից բարձր անձանց դեպքում թույլատրել՝

ա) հեծանվային կամ հեծանվահետիոտնային արահետներով կամ հեծանվորդների համար գոտիով,

բ) այդ վայրերի բացակայության դեպքում՝ մայթով կամ հետիոտնային արահետով,

գ) «ա» և «բ» կետերով նշված վայրերի բացակայության դեպքում՝ կողնակով, իսկ բացակայության դեպքում՝ երթևեկելի մասի աջ եզրով։

Ինքնագլորներով 7-14 տարեկանների երթևեկությունը կթույլատրվի միայն մայթերով և հետիոտնային արահետներով, իսկ դրանց բացակայութայն կամ դրանցով երթևեկության անհնարինության դեպքում՝ հեծանվային և հեծանվահետիոտնային արահետներով, իսկ մինչև 7 տարեկաններինը՝ բացառապես մայթերով և հետիոտնային արահետներով։

Էլեկտրական շարժիչ (շարժիչներ) ունեցող ինքնագնացների օգտագործումը 14 տարին չլրացած անձանց կարգելվի։ Ինքնագլորների շահագործումը բնակավայրերից դուրս ճանապարհներին նույնպես կարգելվի։

Ինքնագլորների շահագործման առավելագույն արագություն կսահմանվի 20 կմ/ժ, իսկ հետիոտնների հետ համատեղ երթևեկության ժամանակ՝ 10 կմ/ժ։

Անհատական տեղաշարժման միջոցների երթևեկության կանոնները խախտողներին ոստիկանությունը կտուգանի 5000 դրամով։

Հավելենք, որ այս օրենքի նախագծերը օրինական ուժ ստանալու համար նախ պետք է արժանանա կառավարության հավանությանը, ապա ընդունվեն նաև Ազգային ժողովի կողմից։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել