ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը մտահոգված է Լեռնային Ղարաբաղում լարվածության աճի մասին հաղորդագրություններով և կողմերին զսպվածության կոչ է անում։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես փոխանցում է ՏԱՍՍ-ը՝ այս մասին ճեպազրույցում ասել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի մամուլի քարտուղար Ստեֆան Դյուժարիկը։
«Գլխավոր քարտուղարը մտահոգությամբ հետևում է Լեռնային Ղարաբաղում և դրա շուրջ լարվածության մասին վերջին հաղորդագրություններին: Մենք հիմա չենք կարող ստուգել այդ տվյալները», – ասել է Դյուժարիկը:
Նա նաև հավելել է. «Մենք կողմերին կոչ ենք անում զսպվածություն դրսևորել և բոլոր առկա խնդիրները լուծել երկխոսության միջոցով»:
Օգոստոսի 3-ի առավոտյան ադրբեջանական զինված ուժերը հարձակվել և թիրախավորել են Արցախի պաշտպանության բանակի մարտական դիրքերը՝ բացի տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կիրառելով նաև ականանետներ, նռնականետեր և հարվածային ԱԹՍ-ներ, ինչի հետևանքով մահացու վիրավորում են ստացել ՊԲ պայմանագրային զինծառայողներ Գուրգեն Գալերիի Գաբրիելյանը և Արթուր Յուրիի Խաչատրյանը: Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը իր տեղեկագրում արձանագրել է, որ հրադադարը խախտել է հենց Ադրբեջանը: