Եվրոպական միությունը կոչ է արել անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները

Եվրոպական միությունը կոչ է արել ադրբեջանական և հայկական կողմերին անհապաղ դադարեցնել Լաչինի միջանցքի շուրջ և շփման գծի այլ հատվածներում բռնկված ռազմական գործողությունները, լիցքաթափել լարվածությունը և վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին հայտարարել է Արտաքին գործողությունների եվրոպական ծառայության մամուլի խոսնակը:

«Եվրոպական միությունը կոչ է անում անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները, որոնք բռնկվել են ադրբեջանական և հայկական զինված ուժերի միջև Լաչինի միջանցքի շուրջ և շփման գծի այլ հատվածներում: Դժբախտաբար, այդ բախումներն արդեն հանգեցրել են մարդկային կորուստների և վիրավորումների: Անհրաժեշտ է լիցքաթափել լարվածությունը, լիովին հարգել հրադադարը և վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ՝ բանակցված լուծումներ փնտրելու նպատակով: Եվրոպական միությունը մնում է հանձնառու օգնելու հաղթահարել լարվածությունը և շարունակել իր մասնակցությունը Հարավային Կովկասում կայուն խաղաղության և կայունության հաստատման գործընթացում», – նշված է Եվրամիության հայտարարության մեջ:

Օգոստոսի 3-ին ժամը 09։00-ից սկսած ադրբեջանական ստորաբաժանումները, կոպտորեն խախտելով հրադադարի պահպանման ռեժիմը, թիրախավորել են ՊԲ մարտական դիրքերն ու զորամասերից մեկի մշտական տեղակայման վայրը՝ բացի տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կիրառելով նաև ականանետներ, նռնականետեր և հարվածային ԱԹՍ-ներ, ինչի հետևանքով մահացու վիրավորում են ստացել ՊԲ պայմանագրային զինծառայողներ Գուրգեն Գալերիի Գաբրիելյանը և Արթուր Յուրիի Խաչատրյանը: Եվս 14 զինծառայող տարբեր աստիճանի վիրավորումներ է ստացել:Արցախի Հանրապետությունում խաղաղապահ առաքելություն իրականացնող ՌԴ զորակազմի հրամանատարության հետ միջոցներ են ձեռնարկվում իրադրությունը կայունացնելու ուղղությամբ։

Ժամը 18։00-ի դրությամբ օպերատիվ մարտավարական իրադրությունը հարաբերականորեն կայուն է:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել