«Հանրապետություն» կուսակցության քաղաքական խորհուրդը հայտարարությամբ է հանդես եկել, որում ասվում է․
««Հանրապետություն» կուսակցությունը միանում է Արցախի իշխանության հայտարարությանը, ավելին՝ դիմում է ՀՀ իշխանությանը՝ որպես Արցախի խնդրով բանակցային կողմ, որպեսզի բացի բանավոր խորհրդակցություններից, պաշտոնական նամակով դիմեն ԵԱՀԿ Մինսկի համանախագահներին և ՄԱԿ-ի ԱԽ-ին՝ տարածաշրջանում կայունության ու խաղաղության հաստատման խնդրով:
Ակնհայտ է, որ ոչ միայն Ադրբեջանը չի կատարում 2020-ի նոյեմբերի 9-ի հրադադարի հայտարարությամբ ստանձնած պարտավորությունները, այլև չի գործում ռուս-թուրքական մշտադիտարկման կենտրոնը։ Ադրբեջանական նոր ագրեսիան ՌԴ խաղաղապահների վերահսկման գոտում է, և նրանք Ադրբեջանի հետ կիսում են այդ ագրեսիայի ամբողջ պատասխանատվությունը։ 2020-2022-ի իրադարձություններն ակնհայտ դարձրին, որ ՌԴ-ն ոչ միայն չի կատարում իր խաղաղապահ առաքելությունը, այլև միայնակ խաղաղապահի կարգավիճակն օգտագործում է իբրև Հայաստանի, Արցախի, նաև Ադրբեջանի վրա ճնշման գործիք:
«Հանրապետություն» կուսակցությունը ի սկզբանե հայտարարել է և շարունակում է պնդել, որ մինչև Արցախի կարգավիճակի ճշտումը, արցախահայության ֆիզիկական անվտանգությունը և սեփական հայրենիքում ապրելու միակ հնարավորությունը, ոչ կողմնակալ և միջազգային խաղաղապահների տեղակայումն է և հարցի լուծումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների շրջանակում»: