«Ապրելու Երկիր» կուսակցության հայտարարությունը ադրբեջանական սադրանքների վերաբերյալ․
«Վերջին օրերին ադրբեջանցի բարձրաստիճան պաշտոնյաները հանդես են գալիս խիստ մտահոգիչ և սադրիչ հայտարարություններով, ինչը Իլհամ Ալիևի վարած ռազմատենչ քաղաքականության վառ դրսևորում է:
Մասնավորապես, Ադրբեջանի Պետական անվտանգության ծառայության պետի և Պաշտպանության նախարարի հայտարարություններն ու հրահանգները «հայկական կողմի սադրանքները կանխելու վերաբերյալ» գալիս են փաստելու, որ Ադրբեջանը խաղաղ բանակցային գործընթացի իմիտացիայի ներքո ակնհայտորեն գնում է հերթական լարվածության ստեղծմանը ՀՀ–ի հետ սահմանների և Արցախի հետ շփման գոտու երկայնքով:
Ցավոք, ՀՀ իշխանությունները մեր միջազգային գործընկերներին այս գործողությունների մասին ահազանգելու և դրանց հնարավոր հետևանքները կանխելու փոխարեն, շարունակում են հանդես գալ խնդրահարույց հայտարարություններով, որոնք ոչ միայն չեն զսպում, այլ ավելի են արձակում Բաքվի ձեռքերը:
Առանձնակի մտահոգիչ և խնդրահարույց են Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հայտարարությունները, որոնք հարցականի տակ են դնում հայկական կողմի, այդ թվում՝ ՀՀ ԱԳՆ–ի բոլոր պաշտոնական հայտարարությունները, ավելին՝ ուղղակիորեն հակասում են նույն իշխող կուսակցության նախընտրական ծրագրին, որտեղ հստակ արձանագրված է՝ «Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում»:
ԱԽ քարտուղարի հայտարարությունները դառնում են գործիք ադրբեջանական քարոզչամեքենայի և իշխանությունների ձեռքին Արցախի հանդեպ նոր հնարավոր սադրանքների գնալու ճանապարհին: Ցավոք, ինչպես նախկինում, այնպես էլ այժմ՝ ՀՀ իշխանությունները ունակ չեն տեսնել սեփական սխալները ու քայլեր ձեռնարկել դրանք շտկելու ուղղությամբ:
Այդ սխալների հետևանքները կարող են լինեն կործանարար թե՛ Արցախի, թե՛ ՀՀ–ի համար:
Այն պարագայում, երբ Ադրբեջանում պետական մակարդակով քարոզվում է ատելություն էթնիկ հայի հանդեպ, երբ հնչում են տարածքային հավակնություններ ՀՀ–ի նկատմամբ, ՀՀ իշխանությունները մեր քաղաքացիներին խոստանում են «կորուստներով լի խաղաղության գործընթաց, որտեղ չկա հաջողելու երաշխիք»:
Այս գործելաոճը, եթե անգամ նպատակ ունի զսպելու Բաքվին, ապա հակառակ արդյունքն է ունենում: Չի կարելի թույլ տալ, որ Ադրբեջանը իմիտացնի խաղաղ բանակցությունները՝ դարձնելով դրանք գործիք նոր սադրանքների նախապատրաստվելու համար: Հայաստանը միշտ էլ կողմ է եղել խնդիրների խաղաղ և դիվանագիտական կարգավորմանը, բայց միակողմանի խաղաղություն չի կարող կառուցվել:
Ցավոք, մեր հակառակորդը չի թաքցնում իր ռազմատենչ նպատակներն ու հայատյաց քաղաքականությունը: Կոչ ենք անում ՀՀ իշխանություններին սթափ գնահատել առկա իրավիճանը և դիվանագիտական կազմակերպված քայլեր ձեռնարկել Բաքվի ռազմատենչ գորճելաոճը միջազգային հանրությանը ներկայացնելու համար: Դրան զուգահեռ ՀՀ ԶՈՒ–ում ինտեսնիվ բարեփոխումներ պետք է իրականացվեն, քանի որ հակառակորդին զսպելու թիվ մեկ նախապայմանը ուժեղ և մարտունակ բանակի առկայությունն է:
«Ապրելու Երկիրը» կուսակցությունն, իր հերթին, միջազգային գործընկերների հետ շփումներում ներկայացնելու է Բաքվի կողմից խաղաղության հաստատմանն ուղղված գործընթացների վիժեցումը ու նոր սադրանքների գնալու անթաքույց միտումը»: