19 տարեկանից բարձր դատապարտյալները կկարողանան կրթություն ստանալ և 9-րդ կամ 10-րդ դասարանի վկայական ունենալ

Օգոստոսի 1-ին ուժի մեջ է մտնում «Կրթության մասին» օրենքում կատարված փոփոխությունը։ Նոր օրենքով՝ 19 տարեկանից բարձր դատապարտյալները կարողանան կրթություն ստանալ և ունենալ 9-րդ կամ 10-րդ դասարանի վկայական:

Օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծն ԱԺ նիստում ներկայացրել էր Արդարադատության փոխնախարար Արփինե Սարգսյանը:

Այս պահի դրությամբ հանրակրթության իրավունք ունեն մինչև 19 տարեկան անձինք, եթե, իհարկե, նրանք այդ իրավունքը չեն իրացրել ավելի վաղ: Փոխնախարարի խոսքով՝ այս պահին քրեակատարողական հիմնարկներում կան շուրջ 300 դատապարտյալներ, որոնք, ըստ էության, չունեն հանրակրթության բավարար ցենզ, այսինքն՝ չունեն 9-րդ կամ 10-րդ դասարանի ատեստատ:

«Այս առումով կան մի շարք խնդիրներ: Նախ՝ եթե անձը չունի ատեստատ, բնական է, որ ավելի բարձր ցենզի կրթության հավակնելու հնարավորություն չի ունենա՝ ի դեմս բարձրագույն ուսումնական հաստատությունում կրթություն ստանալու: Չունենալով համապատասխան կրթական ցենզ՝ անձը, ըստ էության, չի կարողանում հավակնել՝ ունենալու աշխատաշուկայում պահանջարկ վայելող համապատասխան աշխատանք: Եվ շատ ռիսկային իրավիճակի տակ է դրվում վերասոցիալականացման հիմնական բաղադրիչներից մեկը՝ աշխատանքը»,-ասաց Սարգսյանը:

Ըստ փոխնախարարի՝ խնդիրներից մեկն էլ այն է, որ քրեակատարողական հիմնարկի աշխատակիցների համար, հաշվի առնելով այն հանգամանքը, որ շփվում են ոչ բավարար կրթական ցենզ ունեցող անձի հետ, շատ ավելի դժվար է լինում նրանց հետ տանել անհրաժեշտ սոցիալ-հոգեբանական, իրավական և այլ աշխատանքներ:

«Ըստ այդմ կառավարության առաջարկը հետևյալն է՝ դատապարտյալների վրա չտարածել Կրթության մասին օրենքում նախատեսված՝ մինչև 19 տարվա ցենզը և հնարավորություն տալ, օրինակ, 25, 30 կամ 40 տարեկան դատապարտյալին ստանալ հանրակրթություն և ունենալ 9-րդ կամ 12-րդ դասարանի վկայական»,-ասաց փոխնախարարը:

Օրենքի շահառու կարող են դառնալ այն դատապարտյալները, ովքեր դեռևս 1 տարուց ավելի պատժի կրման ժամկետ ունեն: Ըստ փոխնախարարի՝ խտացված ուսումնական ծրագիր է գործելու 19 տարեկանից բարձր անձանց համար, կրթությունն իրականացվելու է ինչպես առկա, այնպես էլ հեռավար տարբերակով, այսինքն՝ հիբրիդային եղանակով է լինելու: Յուրաքանչյուր դատապարտյալի համար գծվելու է անհատական ուսումնական պլան:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել