Պահանջի զիջումը հարկային մարմնին

Հարկ վճարողի չկատարած` հարկային մարմնի կողմից վերահսկվող եկամուտների գծով պարտավորությունների գանձման նպատակով հարկային մարմինն իրավունք ունի պարտապանի (դեբիտորի) նկատմամբ պահանջի իրավունքի զիջման պայմանագրով ձեռք բերելու հարկ վճարողի պահանջի իրավունքը և ստացված գումարներն ուղղելու հարկ վճարողի պարտավորությունների մարմանը:

Ընդ որում, հարկային մարմնին է անցնում իրավունքի անցման պահին առկա ծավալով պարտավորության (ներառյալ` ապառքը և դրա նկատմամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հաշվարկված տույժերը) պահանջի իրավունքը, իսկ պահանջի իրացման պահին, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված տույժերի հաշվարկման ժամկետները, կատարվում է պարտավորությունների վերահաշվարկ:

Որպես հարկային մարմնի կողմից վերահսկվող եկամուտների գծով պարտավորությունների կատարման ապահովման միջոց` հարկային մարմնի և հարկ վճարողի միջև կարող է կնքվել գրավի պայմանագիր` Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսդրությամբ սահմանված կարգով: Գրավի պայմանագիր կնքվելու դեպքում պարտավորությունները մարելու նպատակով կազմվում է պարտավորությունների աստիճանական մարման ժամանակացույց:

«Կարծում եմ այս կարգավորումը թերի է, և գործնականում կարող են առաջանալ խնդիրներ: Այսպես` հաշվի առնելով, որ անձի հարկային պարտավորությունը համարվում է կատարված պահանջի զիջման պայմանագրով պահանջի իրացման պահից, առաջանում է հարց` իսկ երբ է պարտավոր հարկային մարմինը իրացնել իրեն զիջված պահանջը կամ քայլեր ձեռնարկել այդ ուղղությամբ: Այս հարցը կարևոր է, քանի որ պարտապանի նկատմամբ պահանջի իրավունքի իրացման պայմանագրով հարկ վճարողի պահանջի իրավունքի անցումը հարկային մարմնին չի դադարեցնում հարկ վճարողի նկատմամբ օրենքով սահմանված կարգով, չափերով և ժամկետներում տույժերի և տուգանքների հաշվարկումը»,-Իրավաբան.net-ի հետ հարցազրույցում հայտնեց Երևանի Հակակոռուպցիոն կենտրոնի իրավախորհրդատու Սերինե Խաչատրյանը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել