Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերի մշտադիտարկման այցերի երրորդ օրը ՄԻՊ աշխատակազմին է միացել նաև Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը։ Այս մասին հայտնում են Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից:
Պաշտպան Գրիգորյանն Իջևանում հանդիպում է ունեցել Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանի հետ։ Հանդիպման ընթացքում մարզպետը Պաշտպանին է ներկայացրել մարզի առջև ծառացած խնդիրները, ինչպես նաև առկա անվտանգային և սոցիալ-տնտեսական հիմնահարցերը:
Պաշտպանը մարզպետի հետ նաև քննարկել է համայնքներում մշտադիտարկման այցերի արդյունքում արդեն իսկ արձանագրված խնդիրները և ներկայացրել մտահոգությունները՝ կապված վարչական շրջաններում խմելու ջրի հասանելիության, բնակիչների սոցիալ-տնտեսական, կրթական, առողջապահական և անվտանգային հարցերի հետ։
ՄԻՊ Տավուշի մարզային ստորաբաժանման գրասենյակում Պաշտպանն աշխատակազմի հետ ամփոփել է նախորդիվ երկու օրերի ընթացքում իրականացված մշտադիտարկման այցերի արդյունքները, ինչպես նաև քննարկել կատարվելիք աշխատանքները։
Մարդու իրավունքների պաշտպանի գլխավորությամբ ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչները շարունակել են իրականացնել մշտադիտարկման այցեր Տավուշի մարզի Բերքաբեր, Կոթի, Բարեկամավան և Սարիգյուղ գյուղերում, որտեղ համայնքների ղեկավարների և բնակիչների հետ, ծանոթացել են առկա անվտանգային և սոցիալ-կենցաղային, կրթության հասանելիության, բժշկական սպասարկմանն առնչվող մի շարք կարևոր խնդիրներին:
Սարիգյուղ համայնքում Պաշտպանը մասնակցել է նաև համայնքի մանկապարտեզի վերաբացման միջոցառմանը, որը վերանորոգվել էր (UGAB Arménie) «Հայկական բարեգործական ընդհանուր միության» Ֆրանսիայից ժամանած երիտասարդ կամավորների աջակցությամբ։ Պաշտպանը շնորհակալություն է հայտնել ֆրանսիացի կամավորներին կատարված փայլուն աշխատանքի համար։
Հուլիսի 27-ի Մշտադիտարկման այցերի ընթացքում առավել ընդգծվել են խմելու և ոռոգման ջրի, գազամատակարարման հասանելիության, ինչպես նաև բնակչության զբաղվածության ու վերջիններիս անվտանգության ապահովման, բնակչությանը բժշկական ծառայությունների տրամադրման, դեղորայքի մատչելության, աջակցող միջոցների, հաշմանդամության կարգավիճակի տրամադրման ընթացակարգերի վերաբերյալ հարցերը։
Արձանագրված մի շարք անհատական խնդիրների կարգավորման ուղղությամբ Պաշտպանի իրավասությունների շրջանակում տեղում ձեռնարկվել են անհրաժեշտ միջոցներ, բնակիչներին տրամարվել է իրավախորհրդատվություն, պարզաբանվել են իրենց իրավունքների իրացման հնարավորությունները։
Արձանագրված խնդիրների վերաբերյալ մանրամասները կհրապարակվեն մշտադիտարկման այցերի ավարտից հետո։