Հնարավոր է ինձ մեղադրեն, ասեն` hերոսի մոր դեմ է խոսում, սրիկա է և այլն, բայց չեմ կարող չասել․ Դավիթ Գասպարյան

Արդարադատության նախարարության Վերահսկողական ծառայության նախկին պետ Դավիթ Գասպարյանը անդրադարձել է Բարձրագույն դատական խորհրդի նոր անդամի ընտրությանը։

Հիշեցնենք, որ այսօր Դատավորների ընդհանուր ժողովը Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամ ընտրեց Նաիրա Հովսեփյանին։ Նա 44-օրյա պատերազմի հերոս Գևորգ Արշակյանի մայրն է։

«Հնարավոր է ինձ մեղադրեն, ասեն` Հերոսի մոր դեմ է խոսում, սրիկա է և այլն, բայց չեմ կարող չասել։

Նախ ասեմ, որ որպես հերոսի մայր՝ խոնարհվում եմ իր առաջ։ Որպես հերոս որդի դաստիարակելու գնահատանք՝ կողջունեմ իր ցանկացած մեծարում, պետության կողմից իրեն ուղղված ցանկացած նյութական աջակցություն, միջոցառում և ուշադրության այլ դրսևորումներ։ Անշուշտ արժանի է։

Բայց եկեք տարբերակենք թացը չորից․

Նա ստանձնելու է մի դերակատարություն, որն ուղղված է կարգապահական խախտում (դիտավորությամբ կամ կոպիտ անփութությամբ կատարված նյութական կամ դատավարական իրավունքի նորմի խախտում կամ վարքագծի կանոնի խախտում) կատարած դատավորներին կարգապահական պատասխանատվության ենթարկելուն։ Կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին որոշում կայացնելու է մի անձ, ով իրավաբանական համայնքում հայտնի է նյութական կամ դատավարական իրավունքի նորմերի (նամանավանդ դատավարական ժամկետների) խախտմամբ: Առնվազն ես այլ կարծիք չեմ լսել, իսկ ով ծանոթ չէ, առաջարկում եմ ծանոթանալ հենց իրեն կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին 2020թ․ կայացված որոշմանը։ Կարծիքս այն է, որ արարքը որպես կարգապահական խախտում պետք է որակի անձ, որը նման խախտումներ է թույլ տվել։

Չնայած, մյուս կողմից կարծում եմ, որ հասկանում եմ այն անձանց մոտիվները, ովքեր հենց իր օգտին են քվեարկել։ Կարծում եմ այսպես է․ վաղը կամ մյուս օրը, հայտնվելով կարգապահական խախտում վերագրվածի կարգավիճակում, կարող են ունենալ համոզմունք կամ գոնե հույս, որ կազմում կա մեկը, ով ինքն էլ զերծ չէ խախտման դրսևորումներից և, բարոյական կաշկանդվածությամբ պայմանավորված, հակված կլինի իր կողմը բռնելուն։

Հիմա ի՞նչ է ստացվում։ Մեծարելով Հերոսի մորը՝ կասկածի տա՞կ ենք դնում Սահմանադրական մարմնի ապագա աշխատանքն ու հեղինակությունը։ Չգիտեմ։ Կարծում եմ պետք է թե՛ ցանկացած հերոսի ծնողին մեծարել և թե՛ երաշխավորել Սահմանադրական մարմինների բարձր հեղինակությունը, բայց մեկը մյուսի հաշվին անելը վնասում է թե՛ մեկին, թե՛ մյուսին։

Հավելեմ, որ սա իմ մասնավոր և խիստ սուբյեկտիվ կարծիքն է»,-նշել է նա։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել