Հին նմուշի անձնագրերի տրամադրման ժամկետը կերկարաձգվի

Ոստիկանությունը հանրային քննարկման է ներկայացրել «Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի մասին» և «Նույնականացման քարտերի մասին» օրենքներում փոփոխություններ կատարելու մասին նախագծերը։

Iravaban.net-ի փոխանցմամբ՝ ՀՀ-ում կենսաչափական անձնագրերը, այդ թվում՝ նույնականացման քարտերը տրամադրվում են 2012 թվականի հունիս ամսից առ այսօր, որոնց զուգահեռ տրամադրվում է նաև հին նմուշի անձնագիրը։

Գործող օրենսդրությամբ՝ 2023 թվականի հունվարի 1-ից պետք է դադարեցվեր հին նմուշի անձնագրերի տրամադրումը (փոխանակումը), սակայն ներկայացված նախագծող առաջարկվում ժամկետը փոխել։ Այսպիսով, եթե այլ փոփոխություններ չսահմանվեն, ապա հին նմուշի անձնագրերի տրամադրումը կդադարեցվի 2024 թվականի հունվարի 1-ից։

Նշենք, որ հին նմուշի անձնագրերի տրամադրման ժամկետը երկարաձգվում է արդեն երրորդ անգամ։

Օտարերկրյա պետությունում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչություններ կամ հյուպատոսական հիմնարկներ դիմած Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, գործող օրենսդրությամբ, մինչև 2023 թվականի ապրիլի 1-ը իրավունք ունեն ստանալու կամ փոխանակելու հին նմուշի անձնագրերը։ Ժամկետը կփոխարինվի 2024 թվականի ապրիլի 1-ով։

Հիմնավորման մեջ նշվում է․ «Նշված մոտեցումը պայմանավորված է այն հանգամանքով, որ Հայաստանի Հանրապետությունը որդեգրել է ամբողջությամբ անցում կատարել կենսաչափական տվյալներ պարունակող անձը հաստատող փաստաթղերի տրամադրմանը, որի շրջանակներում ՀՀ կառավարությունը որոշում է կայացրել գնալ առավել գլոբալ բարեփոխումների, այն է՝ Հայաստանի Հանրապետությունում ներդնել ոչ միայն կենսաչափական փաստաթղթերի տրամադրման համակարգ, այլև ավելացնել բնակչությանը էլեկտրոնային ծառայությունների մատուցման հնարավորությունները։ Մասնավորապես, ստեղծել անհրաժեշտ ենթակառուցվածքներ՝ ավելի շատ թվային ծառայություններ մատուցելու և այդ աշխատանքներում էլեկտրոնային ստորագրության կիրառումը առավել դյուրին դարձնելու ուղղությամբ։

Նշված նպատակի իրագործման համար ՀՀ փոխվարչապետի գլխավորությամբ ստեղծվել է Տեղեկատվական տեխնոլոգիաների համակարգի կառավարման խորհուրդ, որի նպատակներից և խնդիրներից է Հայաստանի Հանրապետությունում ներդնել կենսաչափական տվյալներ պարունակող փաստաթղթերի տրամադրման նոր համակարգ՝ տալով այնպիսի լուծումներ, որ այն հնարավորություն ունենա բնակչությանը մատուցել թվային ծառայություններ։ Այս ուղղությամբ կատարված աշխատանքների շրջանակում ընտրվել են միջազգային խորհրդատուներ՝ ովքեր արդեն իսկ սկսել են ուսումնասիրությունները՝ Հայաստանի Հանրապետության կարիքներին համահունչ առաջարկություններ ներկայացնելու ուղղությամբ։ Նախատեսվում է համակարգն ամբողջապես ներդնել 2023 թվականի ամռանը։

Հաշվի առնելով վերոգրյալը, մինչև նշված բարեփոխումների ավարտը ՀՀ քաղաքացիների անձը հաստատող ճամփորդական փաստաթուղթ ունենալու իրավունքն անարգել իրացնելու նպատակով մշակվել են սույն օրինագծերը՝ հին նմուշի նախատեսված անձնագրերի տրամադրման (փոխանակման) գործընթացը մեկ տարի ժամկետով երկարաձգելու համար»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել