Թուրքիայում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության խոսնակը՝ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների զարգացման գործընթացի մասին

Հուլիսի 25-ին տեղի է ունեցել Թուրքիայում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ) կենտրոնական վարչության խորհրդի նիստը, որի ավարտին կուսակցության խոսնակ Օմեր Չելիքը ասուլիս է տվել՝ անդրադառնալով նաև Հայաստանին, հայ-թուրքական կարգավորման գործընթացին։

Այս մասին տեղեկանում ենք Ermenihaber.am-ից։

«Քանի դեռ Հայաստանը պահում է իր խոսքը, բանակցությունների անցկացումը կարևոր է, քանի որ այն կնպաստի տարածաշրջանի խաղաղությանը»,-հայտնել է Չելիքը՝ կրկնելով, որ գործընթացն ընթանում է Թուրքիայի և Ադրբեջանի համաձայնությամբ ու համակարգմամբ։

Չելիքը հիշեցրել է նախկինում հայ-թուրքական հարաբերությունների ձախողված փորձերի մասին՝ ընդգծելով, որ այս անգամ կարգավորման համար միջավայրն ավելի բարենպաստ է:

Ըստ ԱԶԿ-ի խոսնակի պնդման՝ նախկինում որոշ պետություններ խափանել էին հայ-թուրքական կարգավորման գործընթացը, որպեսզի Հայաստանը և հայկական սփյուռքը դուրս չգան իրենց հսկողությունից։

Հիշեցնելով սույն թվականի հուլիսի 1-ին Թուրքիայի և Հայաստանի հատուկ ներկայացուցիչների միջև ձեռք բերված պայմանավորվածությունների մասին՝  Չելիքը հայտնել է, որ կան նաև հարցեր, որոնք քննարկելու շուրջ համաձայնություն է ձեռք բերվել:

Նրա խոսքով՝ այդ հարցերի շուրջ համաձայնություն ձեռք բերելու դեպքում դրանք կնպաստեն գործընթացի առաջխաղացմանը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել