Ավետիք Չալաբյանի պաշտպանները լքեցին դատական նիստերի դահլիճը

Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի «Կենտրոն» նստավայրում հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանի գործով դատական լսումների առաջին նիստին պաշտպաններից Վարազդատ Հարությունյանը՝ դիմելով նախագահող դատավոր Մնացական Մարտիրոսյանին, հայտարարեց․ «Դատարանի՝ հիմնարար իրավունքի խախտմամբ դատավարությունը շարունակելը ունի մեկ շատ կոնկրետ նպատակ՝ Ավետիք Չալաբյանի խափանման միջոցի հարցը շուտափույթ կերպով լուծել, որովհետև վաղը լրանում է խափանման միջոցի վերջնաժամկետը»։

Նա նշեց, որ իրենք բարեխիղճ են եղել, գրել են քննիչին, դատախազին, ասել են՝ մի արեք այդ վարութային գործողությունը անօրինական եղանակով, դատավորին ասել են, որ այսպիսի խնդիր կա․ «Ակնկալել ենք, որ դատարանը, լինելով պրոֆեսիոնալ, թույլ չի տա, որ քննչական մարմնի կողմից իրականացված օրենքի կոպիտ խախտման հետևանքները մեզ վրա տարածվի։

Դատարան, մեզ այսօր առաջակում եք, ասում եք՝ ինձ չի հետաքրքրում, որ դուք վարույթի հիմքերին չեք ծանոթացել, սա ակնհայտ է։ Պաշտպանական կողմը չի ծանոթացել այդ հիմքերին ոչ իր մեղքով։ Դատարան, դուք նպատակ ունեք շարունակելու գործը մի պայմաններում, որ անհնար է։ Դե յուրե կան պաշտպաններ, դե ֆակտո պաշտպանություն չկա։ Մեզ այլ ելք չեք թողում, քան իրերն ու իրադարձություններն ու դրանց որակումները համապատասխանեցնենք միմյանց. կան դե յուրե պաշտապաններ, չկա դե ֆակտո պաշտպանություն, հիմա չի լինի ոչ դե ֆակտո պաշտպանություն, ոչ էլ դե յուրե պաշտպանության։ Մեզ այլ ելք չի մնում, քան այս անօրինական ընթացքը կասեցնենք դահլիճից մեր ցուցադրական հեռանալով։ Խնդրում եմ սա չընդունել դատարանի նկատմամբ որպես անհարգալից վերաբերմունք։ Մենք այս մի ժամ է փորձում ենք դատարանին հասկացնել, հասցնել այն միտքը, որ մենք պաշտպանության խնդիր ունենք հիմնարար իրավունքի հետ»,- ասաց Հարությունյանը ու մյուս պաշտպանի հետ հեռացավ նիստերի դահլիճից։

Դատավորը հայտարարեց, որ նիստի կարգը խախտվեց, նկատողություն հայտարարեց ու դատական սանկցիա կիրառեց։ Նիստը հետաձգվեց մեկ ժամով։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել