Վահագն Վերմիշյանը հրաժարվել է առաջարկվող բուժօգնությունից. վերոգրյալի մասին կազմվել է արձանագրություն

Հուլիսի 25-ին «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի կալանավորված անձ Վահագն Վերմիշյանի փաստաբանը սոցիալական ցանցի իր էջում գրառում էր կատարել այն մասին, որ քրեակատարողական հիմնարկի բժիշկները հրաժարվել են շտապ օգնություն կանչելուց և Վահագն Վերմիշյանին բժշկական կենտրոն տեղափոխելուց: Կալանավորված անձ Վահագն Վերմիշյանի համար շտապ օգնություն կանչելու և բժշկական կենտրոն տեղափոխելու անհրաժեշտություն չի եղել: Այս մասին հայտնում են արդարադատության նախարարությունից։

Նախարարությունից տեղեկացնում են, որ Վահագն Վերմիշյանի փաստաբանը նույն օրը ժամը 19:00-ի սահմաններում այցելել է քրեակատարողական հիմնարկ և պահանջել շտապ օգնություն կանչել, ինչին ի պատասխան` հիմնարկի աշխատակիցները հայտնել են, որ հիմնարկում բժշկական օգնությունն ու սպասարկումն իրականացնող ստորաբաժանումը կարող է ցուցաբերել անհրաժեշտ բուժօգնություն, որից հետո միայն, անհրաժեշտության դեպքում կհրավիրի շտապ օգնության բրիգադ:

Վ. Վերմիրշյանը մինչ փաստաբանի այցը առողջական վիճակի վերաբերյալ որևէ գանգատ չի ներկայացրել, միայն փաստաբանի ժամանելուց հետո` ժամը 19:30-ի սահմաններում, վերջինս գլխապտույտ, սրտխառնոց գանգատով դիմել է ստորաբաժանման հերթապահ բուժքրոջը: Բուժանձնակազմի կողմից իրականացվել է Վ.Վերմիշյանի զննություն: Օբյեկտիվ զննության արդյունքում արձանագրվել է զարկերակային ճնշում -130/80, պուլս-80զարկ/րոպե, ինքնազգացողությունը եղել է բավարար: Բուժքրոջ կողմից առաջարկվել է դեղորայքային միջամտություն՝ կապված ներկայացրած գանգատների հետ, որից ազատազրկված անձը հրաժարվել է՝ պահանջելով կանչել շտապ օգնության բրիգադ, որի կարիքը չի եղել: 

Նույն օրը՝ ժամը 20:35-ի սահմաններում, Վ.Վերմիշյանը կրկին գանգատով դիմել է բուժանձնակազմին, սակայն կրկին հրաժարվել է առաջարկված բժշկական օգնությունից՝ կրկին պահանջելով կանչել շտապ օգնության բրիգադ: Վ.Վերմիշյանը հրաժարվել է բուժքրոջ օբյեկտիվ զննությունից /Զ/Ճ չափում/, հրաժարվել է դուրս գալ խցից՝ բուժօգնություն ստանալու համար: Վերոգրյալի մասին կազմվել է համապատասխան արձանագրություն:

Ժամը 21:30-ի սահմաններում Վ. Վերմիշյանն ընդունել է փաստաբանին, որն ավարտվել է ժամը 22:05-ի սահմաններում: 

Ժամը 23:30-ի սահմաններում հերթապահ բուժքրոջ կողմից իրականացվել է գիշերային ստուգայց, որի ընթացքում Վ.Վերմիշյանը գանգատներ չի նշել, ասել է, որ իրեն լավ է զգում, ոչ մի բանի կարիք չունի։

Հիշեցնենք, որ Վերմիշյանի պաշտպան Ալեքսանդր Կոչուբաևն ավելի վաղ հայտնել էր, որ հուլիսի 25-ի դատական նիստին իր պաշտպանյալի ինքնազգացողությունը վատացել է, ավելի ուշ հայտնեց, որ նա տեղափոխվում է «Էրեբունի» բժշկական կենտրոն։

«Դատական նիստից հետո Վահագն Վերմիշյանի ինքնազգացողությունը կտրուկ վատացել է, շտապ օգնության բրիգադը Վ.Վերմիշյանին տեղափոխում է Էրեբունի ԲԿ»,- նշել է Կոչուբաևը։

Այնուհետև նա գրել է․ «Նուբարաշեն ՔԿՀ-ում եմ, ՔԿՀ-ի բժիշկները հրաժարվում են շտապ օգնություն կանչելուց և Վահագն Վերմիշյանին ԲԿ տեղափոխելուց: Այս ամենը արդեն խոշտանգնան տարրեր է պարունակում: Կոչ եմ անում ՀՀ արդարադատության նախարարությանը շտապ արձագանքել իրավիճակին և ապահովել Վ. Վերմիշյանին հրատապ հիվանդանոց տեղափոխելը»։

«Դուրս եկա Նուբարաշեն ՔԿՀ-ից: Վահագն Վերմիշյանը հայտնի սցենարին համաձայն հիվանդանոց չտեղափոխվեց, քանի որ բժիշկը ՔԿՀ-ում չէր: Առհասարակ ՔԿՀ-ում արգելվում է ոչ աշխատանքային ժամերին վատ զգալ, քանի որ բժիշկ չկա, որ ուղեգիր տա: Առավոտյան մեր պայքարը կշարունակենք և Վ. Վերմիշյանին անպայման կտեղափոխենք հիվանդանոց»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է Կոչուբաևը:

Հիշեցնենք, որ Վերմիշյանը կալանավորվել է առանձնապես խոշոր չափի կաշառք ստանալու գործով։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել