Դեղնած ջուր, ջրանջատումներ․ Էրեբունու բնակիչների բողոքն ու վարչական շրջանի աշխատակազմի արձագանքը

Էրեբունի վարչական շրջանի բնակիչներից Iravaban.net-ը բազմաթիվ ահազանգեր է ստանում «Վեոլիա ջուր» ընկերության աշխատանքների հետ կապված։ Մասնավորապես` խնդիրները կապված են ջրի որակի հետ։ Բազմաթիվ սպառողներ նշում են, որ ծորակից հոսող ջրից կողմնակի համ և հոտ է գալիս։

««Վեոլիա ջուր» ՓԲԸ գործունեության հանրային վերահսկողություն» ֆեյսբուքյան խմբում քաղաքացիներից մեկը լուսանկար է հրապարակել և նշել, որ ջուրը վերցված է Նոր Արեշ թաղամասից։

Մենք զրուցեցինք լուսանկարը հրապարակած օգտատիրոջ հետ։ Նա նշեց, որ նման իրավիճակ է նաև Մալաթիա-Սեբաստիայում․ «Ջիրց զզվելի համ է գասլիս»։

Iravaban.net-ը կապ հաստատեց Էրեբունի վարչական շրջանի աշխատակազմի հետ։ Մեզ հետ զրույցում նշեցին, որ իրենք էլ բազմաթիվ ահազանգեր են ստանում բնակիչներից և բազմաթիվ անգամ դիմել են «Վեոլիա ջուր» ընկերությանը, իսկ թե ինչ պատասխան են ստացել՝ հորդորեցին ճշտել ընկերությունից։ Մեր ճշտող հարցին, թե այնուամենայնից ինչ պատասխան են ստացել ընկերությունից, ասացին՝ առայժմ ոչ մի։

«Զանգում են թեժ գիծ բողոքում են, բոլորին էլ տեղեկացրել ենք, որ «Վեոլիա ջուր» ընկերությունն է պատասխանատու։ Որակի հետ կապված մենք որևէ գործառույթ չունենք»,-նշեց մեր զրուցակիցը, որը հրաժարվեց ներկայանալ։

Հարգելի՛ քաղաքացիներ, եթե որևէ բողոք ունեք ջրի որակի, ջրանջատման վերաբերյալ՝ կարող եք ֆեյսբուքյան մեր էջին ուղարկել տեսանյութ (օր․՝ ծորակից հոսող ոչ մաքուր ջուր․․․) կամ լուսանկար, նշել հասցե:

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել