Երևանի քաղաքապետարանի լրատվության վարչության պետ Լևոն Սարդարյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել՝ նշելով․
«Սա լինելու է «կռվախնձոր» դարձած շենքի վերջնական տեսքը»։
Ավելի վաղ Լևոն Սարդարյանը հայտնել էր, որ վերջին մի քանի օրվա ընթացքում ֆեյսբուքյան տիրույթում քննարկվում է ներկայացված գեղեցիկ շենքի խճանկարների ճակատագիրը: «Դե, ինչպե՞ս՝ քննարկվում է, առանց որևէ ճշտման, առանց խնդրին առհասարակ ծանոթանալու, ֆեյսբուքյան որոշ օգտատերեր գեներացնում են միտքը, թե Երևանում ամենաթողություն է, քանի որ քաղաքապետարանը թույլ է տվել ոչնչացնել շենքի երկու ճակատների խճանկարները: Էս միտքը տարածողներին կփորձեմ հիասթափեցնել՝ նախագծման թույտվության (տրվ. 02.11.2021թ.) 9.7 կետի 11-րդ ենթակետի համաձայն, կառուցապատողը պարտավորվել է շինարարական աշխատանքների ավարտին ամբողջությամբ վերստեղծել շենքի ճակատներում առկա խճանկարները:
Մաղթում եմ ձեզ արգասաբեր քննարկումներ»,-նշել էր նա:
Պետական գույքի կառավարման կոմիտեից հայտնել են․
«Ի պատասխան լրատվամիջոցներով և սոցիալական ցանցերով տարածված տեղեկատվության, թե Աճառյան փողոցում գտնվող նախկին Քարի և սիլիկատների գիտահետազոտական ինստիտուտի շենքը գտնվում է ՀՀ ՏԿԵՆ պետական գույքի կառավարման կոմիտեի հաշվեկշռում՝ հայտնում ենք, որ Կառավարությունը դեռևս 2003 թ. N 241-Ն որոշմամբ հաշվեկշռային մեթոդով մասնավորեցրել է ««Քար և սիլիկատներ» գիտաարտադրական և նախագծային» ՓԲԸ-ի պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերը»։