Բժշկական բնույթի ի՞նչ հարկադրանքի միջոցներ կարող են կիրառվել հանցագործություն կատարած անձանց նկատմամբ

Օրենքով նախատեսված հիմքերի առկայության պայմաններում դատարանը հանցանք կատարած անձի նկատմամբ կարող է կիրառել բժշկական բնույթի հարկադրանքի միջոցներ:

Բժշկական բնույթի հարկադրանքի միջոցներ են՝

1) հոգեբույժի մոտ արտահիվանդանոցային հսկողությունը և հարկադիր բուժումը.
2) հոգեբուժական կազմակերպությունների ընդհանուր հսկողության հոգեբուժական բաժանմունքում հարկադիր բուժումը.
3) հոգեբուժական հիվանդանոցի հատուկ տիպի հոգեբուժական բաժանմունքում հարկադիր բուժումը:

Մեղսունակությունը չբացառող հոգեկան խանգարման վիճակում կատարված հանցանքի համար դատապարտված, բայց ալկոհոլամոլությունից, թմրամոլությունից կամ թունամոլությունից կամ մեղսունակությունը չբացառող հոգեկան խանգարումներից բուժման կարիք ունեցող անձանց նկատմամբ դատարանը պատժի հետ մեկտեղ կարող է նշանակել հոգեբույժի մոտ արտահիվանդանոցային հսկողություն և հարկադիր բուժում:

Հոգեբույժի մոտ արտահիվանդանոցային հսկողություն և հարկադիր բուժում կարող է նշանակվել, եթե անձն իր հոգեկան վիճակով հոգեբուժական հիվանդանոցում տեղավորման կարիք չունի:

Հոգեբուժական կազմակերպությունների ընդհանուր հսկողության հոգեբուժական բաժանմունքում դատարանի որոշմամբ հարկադիր բուժում կարող է նշանակվել, եթե անձի հոգեկան խանգարման վիճակը պահանջում է բուժման, խնամքի և հսկողության այնպիսի պայմաններ, որոնք կարող են իրականացվել միայն հիվանդանոցային ձևով:

Հոգեբուժական հիվանդանոցի հատուկ տիպի հոգեբուժական բաժանմունքում դատարանի որոշմամբ հարկադիր բուժում կարող է նշանակվել այն անձի նկատմամբ, որը հոգեկան վիճակով վտանգավոր է իր և այլ անձանց համար և պահանջում է մշտական հսկողություն:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել