ԱԱԾ-ն առաջարկում է փոխել «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» գործող օրենքը։ Նշվում է, որ օրենքում կիրառվող մի շարք հասկացություններ այլևս արդիական չեն, չեն համապատասխանում ՀՀ գործող օրենսդրությամբ ամրագրված ձևակերպումներին, ուստի ներկայացված նախագծի նպատակն է վերացնել ստեղծված անհամապատասխանությունները: Մասնավորապես, խոսքը ՀՀ աշխատանքային, ինչպես նաև զինվորական ծառայությունը կանոնակարգող օրենսդրությամբ կիրառվող ձևակերպումների մասին է:
Վերոգրյալի հաշվառմամբ նախագծով.
1. Օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասում առաջարկվում է բարձրացնել ՀՀ ազգային անվտանգության ծառայության ենթասպայական և սպայական կազմերի զինծառայողների սահմանային տարիքի շեմը՝ 2 տարով:
2.Օրենքի 16-րդ հոդվածի 2-րդ մասում առաջարկվում է ազգային անվտանգության մարմիններում ծառայության ժամկետը մինչև 10 տարով երկարաձգելու հնարավորությունը նախատեսել նաև ազգային անվտանգության մարմիններում բժշկական բնույթի մասնագիտական պաշտոններ զբաղեցնող ծառայողների համար:
3.Օրենքի 26-րդ հոդվածում՝ կադրերի տրամադրության տակ թողնելու հիմքերում առաջարկվում է լրացնել նաև ծառայողին, ծառայողական անհրաժեշտությամբ պայմանավորված, պաշտոնից ազատելու դեպքը: Միաժամանակ, կադրերի տրամադրության տակ ծառայողին թողնելու կարգը կսահմանվի ՀՀ ԱԱԾ տնօրենի հրամանով, որի համար օրենքով կնախատեսվի համապատասխան լիազորող նորմ:
4․ 28-րդ հոդվածով նախատեսվում է սահմանել արտահերթ ատեստավորման անցկացման հնարավորություն՝ ազգային անվտանգության ծառայության ստորաբաժանումների ղեկավարների հիմնավորված զեկուցագրերի հիման վրա։
5․ 47-րդ հոդվածում որպես ծառայությունից արձակելու հիմք առաջակվում է նախատեսել նաև ծառայողի կողմից դիտավորյալ հանցագործության հատկանիշներ պարունակող արարք կատարելը, եթե նրա նկատմամբ քրեական հետապնդում չի հարուցվել կամ այն դադարեցվել է ոչ ռեաբիլիտացնող հիմքով։
6․ Նախագծերով առաջարկվում է կատարել նաև մի շարք խմբագրական փոփոխություններ՝ հաշվի առնելով ՀՀ գործող օրենսդրությամբ ներկայումս կիրառվող իրավական ձևակերպումները և կարգավորումները: