Տղամարդը սպառնացել է պայթեցնել իրեն, եթե չվերադարձնեն նախկին կնոջ հետ բնակվող իր երեխային․ ոստիկանություն

Հուլիսի 16-ին, ժամը 22-ին, ոստիկանության Աշտարակի բաժին ահազանգ է ստացվել, որ Աշտարակ քաղաքի Տիգրան Մեծի փողոցի սուպերմարկետի մոտ նռնակով տղամարդ կա և սպառնում է նռնակով պայթեցնել իրեն։

Այս մասին հայտնում են ոստիկանությունից։

Ահազանգին արագ արձագանքած Աշտարակի ոստիկանները պարզեցին, որ նա 37 տարեկան է, Բյուրականի բնակիչ։ Տղամարդը սպառնում էր պայթեցնել իրեն, եթե չվերադարձնեն իր երեխային, որը բնակվում է նախկին կնոջ հետ։ Աշտարակի բաժնի պետ Սերգեյ Մարտիրոսյանի իրականացրած բացատրական աշխատանքի շնորհիվ տղամարդը կամավոր նստել է բաժնի պետի մեքենան ու տեղափոխվել Աշտարակի բաժին։ Այստեղ բացատրական աշխատանքը շարունակվել է, որին միացել է նաև ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության պետ Տիգրան Կարապետյանը։ Արդյունքում՝ նռնակը վնասազերծվել է՝ պայթուցիչի օղակի փոխարեն մալուխ ամրացնելու միջոցով։ Այս կերպ չեզոքացվել է նաև վտանգը, որ սպառնում էր ներկաների կյանքին ու առողջությանը։ 37-ամյա տղամարդը ձերբակալվել ու ներկայացվել է քննչական մարմնին, որտեղ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։

Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել