Հունաստանի ԱԳՆ-ն ցավակցություն է հայտնել ուկրաինացի օդաչուների մահվան կապակցությամբ

Հունաստանի արտաքին գործերի նախարարությունը ցավակցություն է հայտնել Հունաստանի հյուսիսում Ան-12 ուկրաինական ինքնաթիռի անձնակազմի ութ անդամների մահվան կապակցությամբ, հաղորդում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «ՌԻԱ Նովոստի»-ին:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր հունական հեռուստատեսությունը, ինքնաթիռը կործանվել է շաբաթ երեկոյան՝ մոտավորապես 22.45-ին (Երևանի ժամանակով 23.45-ին): Վթարից առաջ օդաչուն հայտնել է շարժիչի խափանման մասին և ստացել Կավալայի օդանավակայանում վթարային վայրէջքի թույլտվություն։ Ականատեսների խոսքով՝ այրվող ինքնաթիռն ընկել է եգիպտացորենի դաշտում՝ օդանավակայանից մի քանի կիլոմետր հեռավորության վրա։ Սերբիայի պաշտպանության նախարարության տվյալներով՝ սերբական Նիշ քաղաքից Բանգլադեշ թռչող ինքնաթիռը երկրի 11,5 տոննա պաշտպանական արտադրանք էր տեղափոխում, անձնակազմի բոլոր 8 անդամները զոհվել են:

«Խորապես վշտացած ենք Կավալայի մոտ՝ Հյուսիսային Հունաստանում բեռնատար ինքնաթիռի կործանման լուրից։ Անկեղծ ցավակցություն ենք հայտնում ավիավթարում ողբերգականորեն զոհված անձնակազմի ութ անդամների ընտանիքներին»,- Twitter-ի իր օգտահաշվում նշել է Հունաստանի ԱԳՆ-ն։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել