«Դիմադրություն» շարժման անդամները երթով հասան Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոնի նստավայր, որտեղ այսօր նախնական դատալսումների ժամանակ մահացել է պրոդյուսեր Արմեն Գրիգորյանը։
Դատարանի շենքի դիմաց քաղաքացիները ծաղիկներ խոնարհեցին և մոմավառություն կազմակերպեցին՝ ի հիշատակ Արմեն Գրիգորյանի։
Դատարանի դիմաց ոստիկանական ուժեր կային։ Ելույթով հանդես եկավ «Հայաստան» խմբակցության անդամ Գեղամ Նազարյանը, ապա ցուցարարները երթով շարժվեցին Ֆրանսիայի հրապարակ։
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք՝ այսօր պրոդյուսեր Արմեն Գրիգորյանը մահացել է դատարանի դահլիճում գիտակցությունը կորցնելուց հետո։ Iravaban.net-ի հետ զրույցում Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը հայտնեց, որ մահվան պատճառներն ու մյուս հանգամանքները պարզելու համար նախաձեռնվել է քրեական վարույթ։