ՄԱԿ ՓԳՀ-ի 2003 թվականի կողմից ապաքաղաքացիության վերաբերյալ իրականացված մի հետազոտություն հաստատում է, որ աշխարհի ոչ մի տարածաշրջան զերծ չէ այն խնդիրներից, որոնք հանգեցնում են ապաքաղաքացիության: Սակայն ամբողջ աշխարհում քաղաքացիություն չունեցող անձանց ճշգրիտ թիվը հայտնի չէ: Պետությունները հաճախ չեն ցանկանում կամ ի վիճակի չեն տրամադրել ստույգ տվյալներ. միայն սակավաթիվ պետություններ ունեն քաղաքացիություն չունեցող անձանց գրանցման մեխանիզմներ: Իսկապես, պետությունների առջև դրված չէ հստակ պահանջ՝ զեկուցելու իրենց տարածքներում ապրողն՝ քաղաքացիություն չունեցող անձանց թվի մասին: ՄԱԿ ՓԳՀ-ը գնահատում է, որ աշխարհում միլիոնավոր մարդիկ ապրում են առանց գործող քաղաքացիության:
Ապաքաղաքացիությունը, որն առաջին անգամ ճանաչվել է որպես համընդհանուր խնդիր 20-րդ դարի առաջին կեսի ընթացքում, կարող է հետևանք լինել պետությունների առջև անհատների իրավական ինքնության մասին վեճերի, պետությունների իրավահաջորդության, հասարակության ներսում որոշակի խմբերի ձգձգված սահմանազատման կամ անհատներին կամ խմբերին ազգությունից զրկելու: Ապաքաղաքացիությունը սովորաբար զուգադրվում է միջազգային հարաբերություններում կատարված խորը փոփոխությունների ժամանակաշրջանների հետ: Միջազգային սահմանների վերագծումը, ազգային առաջնորդների կողմից քաղաքական համակարգերի մեքենայությունները՝ կասկածելի քաղաքական նպատակների հասնելու մտադրությամբ, և քաղաքացիության մերժումը կամ քաղաքացիությունից զրկումը՝ անցանկալի ռասսայական, կրոնական կամ էթնիկ փոքրամասնություններին բացառելու և սահմանազատելու նպատակով, հանգեցրել են ապաքաղաքացիության աշխարհի բոլոր տարածաշրջաններում: