Այսօր խոսել եմ Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահ Մուրադ Փափազյանի հետ՝ կապված Հայաստանի Հանրապետություն իր մուտքի արգելքի հետ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել Մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը։
«Նրա փոխանցմամբ՝ իր տիկնոջ հետ Հայաստան ժամանելուց հետո «Զվարթնոց» օդանակավակայանում տեղեկացել է, որ իր մուտքը Հայաստանի Հանրապետություն արգելված է: Ըստ նրա` օդանավակայանում 4 ժամ պահվել է մինչև մուտքի հարցի լուծումը: Հայաստան մուտքի արգելքի վերաբերյալ պարզաբանումներ իրեն չեն տրամադրվել՝ չնայած իր բազմաթիվ խնդրանքներին: Առկա չեն նաև հրապարակային պարզաբանումներ:
Նման վերաբերմունքը ՀՀ իշխանությունների կողմից բացարձակ անընդունելի է և նպաստում է համահայկական համախմբման տապալմանը:
Մուրադ Փափազյանը երկար տարիների գործունեություն է ծավալել միջազգային ատյաններում Հայաստանի ու Արցախի շահերի պաշտպանության ուղղությամբ, այդ թվում՝ 44-օրյա պատերազմի ընթացքում ու դրանից հետո: Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի կարգավիճակում այս հարցերով բազմիցս ենք համագործակցել պարոն Փափազյանի հետ:
Այս դեպքն, այն էլ առանց մարդուն պարզաբանումներ տրամադրելու, ունի նաև համահայկական նշանակություն և կարող է տանել վտանգավոր զարգացումների առ այն, որ ՀՀ պետական մարմինների կողմից մեր հայրենակիցների մուտքը Հայաստան կարող է կամայական արգելվել: Հարցն արդեն իսկ արժանացել է հանրային քննարկման նաև այս տեսանկյունից:
Ուստի, Հայաստանի իշխանությունները պարտավոր են պատշաճ պարզաբանումներ ներկայացնել պարոն Փափազյանին իր իրավունքները սահմանափակելու վերաբերյալ: Հաշվի առնելով հայկական տիրույթում հարցի հանրային քննարկումների վտանգավոր ուղղությունները՝ պարզաբանումներ պետք է ներկայացվեն նաև հայ հանրությանը:
Հակառակ դեպքում ստացվում է ստեղծված իրավիճակում Հայաստան մուտքի արգելքը դառնում է իրավունքից դուրս գործող պատժիչ գործառույթ:
Հ.Գ. լուսանկարում Ֆրանսիայի Սենատի անդամներին ու Ազգային ժողովի պատգամավորներին եմ ներկայացնում 44-օրյա պատերազմի ընթացքում և դրանից հետո ադրբեջանական հանցավոր արարքների փաստերը: Հանդիպումը կայացել էր պարոն Փափազյանի աջակցությամբ»:
Ավելի վաղ Մուրադ Փափազյանը հայտարարություն էր տարածել․ «Ցավով եմ տեղեկացնում, որ երեկ ինձ արգելվել է մուտք գործել Հայաստան: Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրամանով՝ Հայաստանում համարվում է անցանկալի անձ»: Նա նշել է, որ ոստիկանությունը հորդորել է իրեն վերադառնալ օդանավակայան, որի աշխատակիցները վերցրել են իր անձնագիրը:
«Գիտեի, որ Ադրբեջան և Թուրքիա մուտքս արգելված է և հիմա իմացա, որ արգելվել է մուտք գործել Փաշինյանի Հայաստան: Հայաստանի, հայության և Հայ Դատի համար 40 տարվա պայքարիցս հետո նման իրավիճակում հայտնվելը ուղղակի ցավ է պատճառում ինձ: Նիկոլ Փաշինյանի այս որոշումը ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ ինքն իր ստանձնած պատասխանատվության բարձրության վրա չէ: Նա ուժեղ է իրեն զգում, երբ ոստիկաններից պահանջում է Հայ Դատի գործչի վտարել, բայց պատկեացնո՞ւմ եք այս փոքրիկ ղեկավարին Ալիևի ւ Էրդողանի առաջ»,-գրել է Փափազյանը:
Վերջինս իր գրառումը եզրափակել է՝ «Հայաստանի բնակիչները պետք է ուշ թե շուտ համոզվեն, որ պետք է ձերբազատվել այս ղեկավարությունից, որն ամեն ինչ ինչ անում է թուլացնելու Հայաստանը: Սփյուռքը նույնպես կհասկանա: Բայց արդեն ժամանակն է ասելու՝ Կանգ ա՛ռ»: